Դ.Դումանյան. Հրամանի շնորհիվ վերջին 20 օրերի ընթացքում 15 տոկոսով նվազել է մարզերից մայրաքաղաք անհիմն եկող ծնունդների թիվը
Նախօրեին Panorama.am-ը այցելեց Էջմիածնի ծննդատուն, որտեղից ստացված տպավորությունները, նախ, մտահոգիչ էին, իսկ բացի այդ նաև մի շարք հարցեր են առաջ քաշում: Ամենագլխավորը` ինչի՞ համար է պետք պարտադրել կնոջը ծննդաբերել իր մարզում, եթե մարզային ծննդատունը չի կարողանում հղի կնոջն ապահովել մինիմալ ծառայություններով ու շենքային պայմաններով: Այս մտորումներով կիսվեցինք ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ, ումից նաև հետաքրքրվեցինք` արդյո՞ք ճիշտ է համարում տեղայնացմամբ փորձության ենթարկել հղիներին:
-Պարոն Դումանյան, նախօրեին եղել եմ Էջմիածնի ծննդատանը և, մեղմ ասած, այն թերևս վերջինը կլիներ, որտեղ ես կուզենայի ծննդաբերել` այդչափ պայմանները չեն տրամադրում: Բայց Ձեր հրամանը ուժի մեջ է մտել. ինչպե՞ս կինը այնտեղ ծննդաբերի: Ի վերջո, անգամ գինեկոլոգիական բազկաթոռը բազկաթոռի նման չէր...
-Էջմիածնի ծննդատունը ունի լիցենզիա գործունեություն ծավալելու համար, ուրեմն այդ հաստատությունում նվազագույն պայմանները ապահովված են: Մենք հավաստագրերի տեղայնացումն արել ենք մարզի կտրվածքով, ինչը նշանակում է, որ եթե էջմիածնեցուն ծննդատան պայմանները չեն բավարարում, նա կարող է ծննդաբերել Արմավիրում: Եվ ասեմ նաև, որ երկու օր առաջվա տվյալներով դեռևս որևէ խնդիր չի եղել ծնունդների հետ` այն ծնունդները, որոնք պետք է այսպես թե այնպես, որոշակի բարդություններով Երևանում ստանային բժշկական օգնություն, նրանք ստացել են: Իսկ նրանք, որոնք բնական, նորմալ ծնունդներ են, մնացել և ազատվել են տեղերում: Այս հրամանի շնորհիվ վերջին 20 օրերի ընթացքում 15 տոկոսով նվազել է մարզերից անհիմն եկող ծնունդների թիվը: Թեև, իհարկե, սրա մեջ նաև բժշկական խնդիր կա:
-Բայց Դուք նաև շատ լավ հասկանում եք, որ մեր իրողությունն այնպիսին է, որ եթե կինը չի ուզում ծննդաբերել Էջմիածնի կամ Վեդու ծննդատանը, ամեն ջանք դրա համար կգործադրի: Այսինքն ուղեգիր գրող բժշկի համար, ով կանացի կոնսուլտացիայում է նստում և ոչ թե աշխատում ծննդատանը, բավարար է գումար գրպանը դնել ուղեգիր ստանալու համար…
-Միշտ էլ այդպես է եղել, բայց ես հավաստիացնում եմ, որ վերահսկողություն կսահմանենք: Նախկինում, երբ հավաստագրերի գաղափարը չկար, կոռուպցիոն ռիսկեր էլի եղել են, այսինքն մարզի կանանց կոնսուլտացիան կարող էր պայմանավորվել Երևանի ինչ-որ ծննդատան հետ և ուղեգրել հղիներին: Բայց կարծում եմ, որ հիմա այդ երևույթը կպակասի, որովհետև եթե այսօր մարզային բժիշկը կնոջը ուղեգիր տա Երևան, ապա նա պարտավոր է նշել դրանում նաև պաթոլոգիան, բարդությունը, որովհետև առանց դրա նա չի կարող Երևան ուղեգրել: Դա իրականում լուրջ խախտում է դիտվելու և բժիշկների վրա վատ իմաստով շատ կանդրադառնա: Իսկ դա վերահսկելն ավելի հեշտ է, քան նախկինում նկարագրածը:
Ինչ խոսք, ես կարծում եմ, որ դրա դեմ մենք պետք է լուրջ պայքար մղենք: Ուղղակի գիտեք, սա իմ քմահաճույքը չի: Հրամանի իմաստը կախված է նրանից, որ նույն Էջմիածնի ծննդատան բժիշկը աշխատավարձ չի ստանում, որ այնտեղ կադրեր չեն մնում, որ մի դրամ էլ լրացուցիչ չունեն, որ ձեր նշած այդ մանկաբարձական բազկաթոռը գնեն: Ահա այսպիսի խնդիրներ են առաջանում նույն Էջմիածնում, որը մայրաքաղաքին մոտ է, բայց եթե մի քիչ հեռվանաք, ավելի ակնառու է դառնում այդ տարբերությունը: Իսկ ես ուզում եմ տարածքային համաչափ զարգացման շրջանակներում մենք, հակառակը, լավ ծննդատներ մարզերում ունենանք, այնտեղ հզորացնենք և ոչ թե ամեն ինչ կուտակենք Երևանում:
-Նշեցիք, որ վերահսկողություն պետք է լինի: Ի՞նչ կարգի վերահսկողության մասին է խոսքը:
-Նախ, լինելու է հետևյալ վերահսկողությունը` յուրաքանչյուր հղի, որ պաթոլոգիայով ուղեգրվելու է Երևան, արդյո՞ք ունի այդ պաթոլոգիան: Եթե մի դեպքում հայտնաբերվի, որ չկա նման բան, ապա երկու բան կարելի է եզրակացնել` կամ բժշկի մասնագիտական գիտելիքները տեղում չեն, կամ էլ բժիշկը նպատակային է արել դա: Երկու դեպքն էլ, հասկանալի է, անպատիժ չեն մնա:
-Պարոն Դումանյան, իմ կարծիքով, որը կիսում են նաև ոլորտի մասնագետները, Ձեր հրամանը ավելացնում է կոռուպցիոն ռիսկերը առողջապահության համակարգում…
-Հակառակը` պակասեցնում է այդ ռիսկերը: Ես արդեն նշեցի, որ նախկինում գործում էր հետևյալ մեխանիզմը` բժիշկները պայմանավորվում էին, հղիներին ուղարկում կոնկրետ հիմնարկներ: Մենք նույնիսկ ուսումնասիրել ենք, թե ո՞ր բժշկական հիմնարկներն են ավելի շատ մարզերից հղիներ ստացել…
-Եվ որո՞նք են դրանք:
- (ժպտում է) Թողնենք դա: Բայց մենք դրա դեմ պայքարելով ենք սա արել: Եվ նաև որպեսզի շարունակակությունը պահպանվի` հղի-պտուղ-երեխա և հետո նաև մանկական ծառայություն: Այս կապը անպայման մենք պետք է պահենք: