Ֆրանսիացի պատգամավորները տպավորված էին Արցախից. Կեցցե' Հայաստանը, Կեցցե' Արցախը
Վերջերս Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի անդամներ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն ու Սենատի անդամներ Բեռնար Սոժենն ու Անրի դը Ռենկուրը այցելել են Լեռնային Ղարաբաղ: Լրագրողների հետ հանդիպմանը օտարերկրյա պաշտոնյաները, նախ, հայտարարեցին, որ վերջին տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ակնառու են դրական փոփոխություններ:
Մասնավորապես, պատգամավոր Ֆ.Ռոշբուլանն իր խոսքում նշեց, որ արդեն 25 անգամ եղել է Հայաստանում, իսկ այս այցելությունը Արցախ յոթերորդն էր` առաջին անգամ նա Արցախում եղել է հեռավոր 1993թ-ին.
«Այս երկրում նկատելի են այն զգալի փոփոխություններն ու փոխակերպումները, որ Լեռնային Ղարաբաղը ունեցել է վերջին տարիներին»,- հայտարարեց նա` հերթով թվարկելով բոլոր պետական կառույցները, որտեղ, նրա խոսքով, ակնառու են փոփոխությունները: Նա նկատեց նաև, որ բացի պետական մակարդակից, դրական փոփոխությունները ակնհայտ են նաև տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:
Ֆրանսիացի պատգամավորը տեղեկացրեց, որ հանդիպել են ԼՂՀ ղեկավարության հետ, ինչպես նաև եղել են Ստեփանակերտի օդանավակայանում, որը, իր խոսքով, ամբողջությամբ պատրաստ է:
Ինչ վերաբերում է իրենց բարեկամական խմբի քաղաքական շրջանակին, ապա պատգամավորի խոսքով, խումբն իր մեջ ներառում է պատգամավորների և սենատորների, որոնք առնվազն մեկ անգամ այցելել են Արցախ.
«Այսօրվա դրությամբ խմբում ներգրավված են 25 խորհրդարանականներ, ովքեր ստորագրել են հայտարարություն: Եվ մեր այցի նպատակն է էլ ավելի տեղեկանալ իրավիճակի մասին` Լեռնային Ղարաբաղի ուզածը խաղաղությունն է ու երկրում անվտանգությունը»,- հավելեց իր խոսքը պարոն Ռոշբուլանը:
«Ես երկար ժամանակ է, որ հետաքրքրված եմ այս տարածաշրջանով, մասնավորապես Վրաստանով, ուր ես մի քանի անգամ այցելել եմ: Եղել եմ նաև Ադրբեջանում, բայց առաջին անգամ էր, որ այցելեցի ԼՂՀ և մի քանի կետեր նշեմ, որոնք շատ տպավորիչ էին ինձ համար»,- իր հերթին հայտարարեց սենատոր Անրի դը Ռենկուրը:
Նրան նախևառաջ տպավորել է այն պատասխանատվությունը, որով լցված է երկրի ղեկավարությունը, ինչպես նաև բնակչության մեծ ցանկությունը ապրել իրենց երկրում, իրենց հողի վրա, խաղաղ պայմաններում.
«Կարծում եմ, այսօր ամենակարևորը խաղաղության պահպանումն է ու դրա առաջընթացը, նաև երկխոսության հաստատումը հակամարտության բոլոր կողմերի միջև և վերջին տարիներին միջազգային դերակատարների կողմից պատրաստված փաստաթղթերում առկա դրույթների իրականացումը»,- նշեց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինիսկի խմբի գործունեությանը, սենատորը հիշեցրեց համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, որոնք միակարծիք են` ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ պայմաններում և հիմնարար սկզբունքների կիրառմամբ.
«Նաև մեկ այլ սկզբունք էլ ավելացնեմ` տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության սկզբունքը ևս պետք է հաշվի առնվի, որպեսզի բոլոր ժողովուրդները անվտանգ ապրեն»,- ավելացրեց նա:
Սենատորը համոզմունք հայտնեց ` բոլոր գործիքները առկա են, հարկավոր է միայն քաղաքական կամք խնդրի լուծման համար: Իսկ լուծումը պետք է այնպես լինի, կրկնեց նա, որ տարածաշրջանի ժողովուրդները շարունակեն խաղաղ ապրել իրենց երկրներում:
Սենատոր Բեռնար Սոժենը ևս առաջին անգամ չէ, որ Արցախում էր, սակայն վերջին իր այցի ժամանակ` քսան տարի առաջ, ամենուրեք զինվորականներ էին, իսկ ճանապարհները զուրկ ասֆալտից.
«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը շատ առաջընթաց է ապրել այս տարիներին, բայց դեռ անելիք շատ կա: Ուղղակի շատ մեծ տպավորություն եմ ստացել երկրի ղեկավարությունից, որոնք ամեն ջանք գործադրում են երկրի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու համար»,- հայտարարեց նա շեշտելով իր հիացմունքը:
Խոսելով այն մասին, որ Ղարաբաղը դեռ միջազգային ճանաչում չի ստացել, սենատորը նշեց` պետք է պայքարել դրա համար.
«Պայքարել միջազգային ճանաչման համար ու ապրել այդ երկրում տարբեր մոտեցումներ են: Ինձ վրա մեծ տպավորություն գործեցին գեներալները, որ մեզ հետ հանդիպման ժամանակ, հայտարարեցին, որ իրենք ուզում են խաղաղության զինվորներ լինել»,- պատմեց նա: Իսկ բարեկամական խումբը, շարունակեց նա, որ իրենք ստեղծել են, մի փոքրիկ գործիք է, ամենակարևորը պետք է քաղաքական կամք լինի հակամարտության կարգավորման համար.
«Կեցցե Հայաստան, կեցցե Ղարաբաղ»,- հայերենով հավելեց իր ելույթը պարոն Սոժենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները