Գազը չպետք է թանկանա. Ակցիա հանձնաժողովի դիմաց (Լուսանկարներ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է: Գազի թանկացման դեմ գրություններով ցուցապաստառներ բռնած մասնակիցները պահանջում են չթանկացնել գազը, նաև գրանցվում են` հանձնաժողովի շենքի ներսում քիչ անց կայանալիք հանրային լսումներին մասնակցելու համար:
Նախաձեռնող խմբի անդամ Սիլվա Ադամյանը լուրջ կասկածներ ունի, որ ռուսական կողմը բարձրացրել է գազի գինը:
«Մենք պահանջել ենք պայմանագիրը ռուսական կողմից, սակայն չենք ստացել: Ես կարծում եմ, որ սա ներքին խնդիրներ է` կապված «Հայռուսգազարդ»-ի ֆինանսական վիճակի հետ: Ես չեմ կարծում, ես համոզված եմ, որովհետև 7 տարի շարունակ «Երևանգազ»-ում եմ աշխատել, ես ուղղակի համոզված եմ, որ սա ներքին խնդիր է, որ այս կարգով են ուզում կարգավորել»,-Panorama.am-ին ասաց Սիլվա Ադամյանը:
Ադամյանը համոզված չէ, որ հանրային լսումների ընթացքում հնչող կարծիքները հաշվի կառնվեն:
«Ժողովուրդն ունի արտահայտվելու իրավունք, և այս լծակը պետք է օգտագործել: Մենք պատրաստ ենք մեր տեսակետը ներկայացնել հանձնաժողովին` թե ինչու ենք կարծում, որ գազը չպետք է թանկանա»,-ասաց Ադամյանը:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով, գազի գնի բարձրացումը չհիմնավորված է: Ասում է` հաշվարկներ են արել:
«Սա ոչ միայն գազի գնի բարձրացում է, այլ մեր երկրում կյանքի արժեքի, քանի որ թանկացումը սկիզբ է դնում թանկացումների: Այսօր որևէ հիմք չկա գազի գինը վերանայելու համար»,-ասաց նա, գազի գնի թանկացումը որակելով «կառավորության կողմից հակաժողովրդական քայլ»:
Ղուկասյանի խոսքով, իրենք նպատակ ունեն կասեցնել այդ քաղաքականությունը, իսկ եթե այն արդյունք չտա, ապա գնալու են մինչև քաղաքացիական անհնազանդության ու կոչ կանեն չվճարել սպառած գազի դիմաց:
«Բլոկել ճանապարհները, չվճարել գազի ու այլ կոմունալ վճարները: Դա իշխանությանը կդնի այնպիսի վիճակում, որ նա կամ կհարգի ժողովրդի պահանջը կամ էլ ժողովուրդը կձևավորի նոր իշխանական մարմիններ»,-ասաց Ղուկասյանը:
Ի՞նչ քայլեր կձեռնարկի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գազի գնի թանկացման դեպքում: Ակցիային քիչ հեռվից հետևող քաղաքական գործիչն ասաց, որ միանշանակ չի արտագաղթի, պայքարելու է, սակայն ակնկալում է ժողովրդի աջակցությունը:
«Տվյալ դեպքում ժողովրդի աջակցության անհրաժեշտությունը կա»,-ասաց Մանուկյանը, ավելացնելով, եթե ժողովուրդը չըմբոստանա, ապա կառավարությունը վաղը փոշմանելու է, որ չի թանկացրել 67 տոկոսով: Ակցիայի մասնակիցների սակավաթիվ լինելը, ըստ Մանուկյանի, պայմանավորված է վախի առկայությամբ:
«Սա քաղաքական է, ոչ թե տնտեսական, ռուսները պատժում են իշխանություններին իրենց քաղաքական ապաշնորհ, թռվռուն քաղաքական գործունեության համար»,-թանկացման համար նման պատճառ մատնանշեց Ա. Մանուկյանը, ապա մատնանշեց թանկացման հնարավոր հետևանքները` էլեկտրաէներգիայի ու բոլոր ծառայությունների թանկացում, ինչը նշանակում է մոտ 40 տոկոսով աղքատացում: