ԱԺ Էթիկայի հանձնաժողովը դեռ քննում է Կարապետյան-Թյությունջյան վեճը
Մայիսի 30-ին կայանալիք Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստում նախատեսված է, որ պարզաբանումներ է տալու Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է խորհրդարանի պաշտոնական կայքէջից:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամ Վահան Բաբայանը, հանձնաժողովականներն արդեն լսել են ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանին, ստացել անհրաժեշտ պարզաբանումները և այժմ հերթը Մոսկվայի տան տնօրենին լսելն է: «Նաիրա Կարապետյանը ներկայացրել է իր տեսակետները այդ հարցի շուրջ: Կլսենք նաև մյուս կողմին և վերջում արդեն պարզ կլինի, թե ինչ կարծիքի կհանգենք: Այս պահին ճիշտ չէ որևէ գնահատական տալ, քանի դեռ հարցը քննարկվում է», -փոխանցեց Վահան Բաբայանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյութունջյանը վիրավորվել էր ԱԺ Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի խոսքերից և դիմել էր ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Նրա ներկայացմամբ, ինքն իր նամակում գրել էր հետևյալը.
«Հայտնում եմ Ձեզ, որ 18.04-ին հեռախոսազանգ եմ ստացել ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանից, որը վերաճեց լուրջ միջադեպի և ավարտվեց պատգամավորի կողմից իմ հասցեին հնչեցրած սպառնալիքներով: Խոսակցության թեման էր «Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագրով Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը: Խոսակցության մանրամասները չեմ ներկայացնում, բայց նշեմ, որ վիրավորել է իր արժանապատվությունը: Խնդրում եմ քննարկել կատարվածը, քանի որ գտնում եմ երիտասարդ կին պատգամավորի վարքը վրդովեցուցիչ և անընդունելի է: Չէի ցանկանա ժամանակակից Հայաստանում այդպիսի պատգամավորների տեսնել. Խնդիրը պահանջում է անհապաղ քննարկում»:
Նաիրա Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը բավական հանգիստ է խոսել տնօրենի հետ և ասել էր, որ միջնորդելու է, որպեսզի Էթիկայի հանձնաժողովի նիստերն անցկացվեն դռնբաց:
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը օրերս վարույթ էր ընդունել «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումը և դրա քննությունը համարել սկսված: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ. «Մոսկվայի տան» տնօրենը ներկայացրեց մանրամասները. Չէի ցանկանա Հայաստանում այդպիսի պատգամավորների տեսնել
Նաիրա Կարապետյանը կմիջնորդի, որ Էթիկայի հանձնաժողովն իր հարցը քննի դռնբաց
ՀԱԿ խմբակցության պատգամավորը պաշտպանում է ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա