Չենք կարող Թուրքիայի օդային տարածքի մեջ կրակենք. ԱԻՆ փոխնախարարը` Թուրքիայից եկած ամպի մասին
Այսօր Ազգային ժողովում 2012-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, երբ հաշվետվության իրենց մասը ներկայացնում էր Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, կարկուտի թեման դարձյալ արդիական էր:
ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պաշտոնյայից հետաքրքրվեց, թե քանի՞ հակակարկտային կայանի կարիք ունի Հայաստանը և ի՞նչ արժե հակակարկտային պաշտպանության ցանցի ներդրումը: Ի պատասխան Մխիթարյանը հայտարարեց, որ այժմ Տավուշի մարզի 40 հեկտար տարածքի վրա փորձում են պիլոտային կարգով ներդնել եվրոպական երկրների «սետկաների» փորձը: «Հստակ թվերը կան, որ մեկ հեկտարը ծածկելը 15-20 հազար եվրո արժեք է: Դա իսկապես թակ հաճույք է»,-հավելեց ԱԻՆ փոխնախարարը:
Նրա ներկայացմամբ, այսօր Հայաստանում կա 250 հակակարկտային կայան: Հայաստանի տարածքը ծածկելու համար, փոխնախարարի խոսքով, 1000 հակակարկտային կայան է անհրաժեշտ: Անդրադառնալով Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղի ունեցած կարկտահարությանը, Մխիթարյանն ասաց, որ այդ կարկուտի ամպերը ձևավորվել են Թուրքիայում:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հետաքրքվեց՝ Թուրքիայի հետ բանակցություններ չի՞ վարում Հայաստանի ղեկավարությունը՝ նրանց տարածքում կարկուտի ամպերը ցրելու ուղղությամբ: «Փորձ արվե՞լ է արտգործնախարարության միջոցով Թուրքիայի նման ծառայությունների հետ համագործակցելու, որովհետև ամպը ձևավորվելուց հետո հեչ պարտադիր չէ, որ գա Հայաստան, կարող է մնալ հենց Թուրքիայի տարածքում կամ գնալ Ադրբեջան»,- հարցը ներկայացրեց պատգամավորը:
ԱԻՆ պաշտոնյան ի պատասխան, ասաց, որ այդպիսի փորձ չեն արել, քանի որ իր ունեցած տվյալներով՝ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Վրաստանը չունեն հակակարկտային կայաններ: Մխիթարյանի խոսքով, հարևան երկրներներից միայն Իրանն է փերձում հայ մասնագետների օգնությամբ հակակարկտային կայաններ տեղադրել: «Սովետական միության ժամանակ հրանոթներով էինք պայքարում այդ կարկտաբեր ամպերի դեմ: Ասում են` շատ հաճախ կրակում էին Թուրքիայի սահման, և եղել են դեպքեր, որ դժգոհել են, բողոքել են: Բայց հիմա մենք այդ հրանոթները չունենք, պատերազմի ժամանակ բոլորը գնացին ճակատ և ոչ էլ կարող ենք Թուրքիայի օդային տարածքի մեջ կրակենք, ուզած թե չուզած մեր պաշտպանական գոտիները պետք է շատացնենք»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, ամբողջ հանրապետության տարածքում հակակարկտային կայաններ ունենալուց հետո էլ հնարավոր կլինի միան 80 տոկոս արդյունավետություն ապահովել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները