«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ»-ի ելույթը հուզել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի ընտանիքին
Միջազգային ճանաչում ունեցող «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը երեկ հանդես է եկել հերթական ելույթով՝ նվիրված երգչախմբի բարեկամ, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն և նրա ընտանիքին, որոնք շուտով հրաժեշտ են տալու մեր երկրին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Այս մասին հայտնում են երգչախմբից:
Հանդիսատեսն այս անգամ էլ ականատես ե եղել հերթական նորամուծության: «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան ստեղծել է նոր խումբ, որտեղ երեխաները նվագում են Presbyterian եկեղեցու և ամերիկացի դիրիժոր, շեփորահար, Azusa Pacific համալսարանի պրոֆեսոր Դոնավոն Գրեյի միջոցով նվիրած զանգերով: Ընդամենը տասը փորձերի ընթացքում երեխաները պատրաստել են տասնհինգ ստեղծագործություն: Դոնավոն Գրեյը, որը մոտ 30 տարի ԱՄՆ-ում ղեկավարել է տարբեր զանգերի երգչախմբեր, հիացել է «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի սաների՝ ծրագիրն այդքան արագ յուրացնելու կարողությամբ:
Թե երգչախմբի, թե զանգերի խմբի կատարումները հուզել են ներկաներին և դեսպանի ընտանիքի անդամներին: Դեսպանի կինը՝ տիկին Աննետը, խոստովանել է, որ հազիվ էր զսպում արցունքները և լսում էր փշաքաղվելով: Իսկ պարոն Օբոլենսկին իր շնորհակալական խոսքում ընդգծել է ծրագրի հոյակապ ընտրությունը և երգչախմբի արտակարգ կատարումները: Նա առանձնացրել է Հայաստանի «փոքրիկ քաղաքացիների» առանձնահատուկ ջերմ վերաբերմունքն իր ընտանիքի անդամերի հանդեպ և նշել, որ նույն ոգևորությամբ և հիացմունքով ներկա կգտնվի երգչախմբի Շվեյցարիայում սպասվող համերգներին: