ՀԱԳՄ. Էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ) դիմել է կառավարությանը էներգակիրների թանկացման հետ կապված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ համակողմանի քննարկման առաջարկով:
«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ` կապված թողարկվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի (գների ) կանխատեսելի բարձրացման հետ: Արդյունքում՝
- լրջորեն կխաթարվեն տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին և թե՛ ներքին շուկաներում,
- ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների ) համպատասխան նվազման,
- շոշափելիորեն կնվազեն պետբյուջե մուծվող հարկերն ու տուրքերը , բնականաբար նաև սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը , ինչն էլ կհանգեցնի բնակչության դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարաների (գործատուների ) միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախ և առաջ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի սթափ գնահատում: Քաղաքական անպտուղ բանավեճերից խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ: Երկրի տնտեսությունը, նրա կառավարման ողջ համակարգը պետք է ընդունակ լինեն համարժեք արձագանքելու նման էքստրեմալ իրավիճակներին՝ անկախ դրանց առաջացման պատճառներից (քաղաքական, թե տնտեսական): Ըստ էության խնդիրը շատ հստակ ձևակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի ոչ միայն էներգակիրների գնաճի հետևանքների մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար, այլև սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:
Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգոխնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչև չափավոր պրոտեկցիոնիզմ:
Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը շուտափույթ կազմակերպել հարցի համակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,- նշված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության դիմումում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում