Առաջարկ. Գազի թանկացման վերաբերյալ հասարակական լսումներն անցկացնել կառավարության նիստերի դահլիճում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կազմակերպած քննարկումը տապալվեց, քանի որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պահանջում էին հասարակական լայն շրջանակների համար համապատասխան պայմաններ ստեղծել նորմալ հանրային լսումներ անցկացնելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը:
«Հանձնաժողովը կոչվում է հանրային ծառայությունները կարգավորող, բայց հանրության հետ աշխատելու որևէ ձև չգիտի: Մինչդեռ նրա գործառույթը մարդկանց հետ աշխատելն է, նրանց լսելն է, իսկ երեկ պարզ դարձավ, որ այդ հանձնաժողովը բացարձակ չի էլ ուզում լսել հանրությանը, այսինքն` կատարում է քաղաքական պատվեր»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ-ում նախատեսված էր սպառողներին վաճառվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին խոչընդոտեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները` բողոքելով, որ դրսում հավաքված մարդկանց, ովքեր քննարկմանը մասնակցելու համար գրանցվել են, թույլ չեն տալիս ներս մտնել և մասնակցել քննարկմանը, քանի որ ՀԾԿՀ-ի դահլիճը փոքր է:
Ա.Գրիգորյանի խոսքերով` ստացվեց այնպես, որ քաղաքացիների մի մասին թույլ տվեցին մասնակցել քննարկմանը, իսկ բազմաթիվ շահագրգիռ քաղաքացիների չթողեցին ներս մտնել, քանի որ Հանձնաժողովը լսումների համար նորմալ պայմաններ չէր ապահովել: Բացի այդ, ըստ նրա, դահլիճը պատրաստ չէր որևէ քննարկման` թե իր չափերով, թե տեխնիկական հնարավորություններով: «Չկար բարձախոս և դրա բացակայության պատճառով հարցերը գոռալով էին տալիս: Ի դեպ, այդ գոռգոռոցների պատճառով ևս վատ տպավորություն եմ ստացել երեկվա քննարկումից»,- ասաց Ա.Գրիգորյանը:
Նախաձեռնության անդամ Կարեն Վարդանյանը նշեց, որ Հանձնաժողովը իրեն հայտնի պատճառներով մերժեց քննարկումը ավելի տարողունակ դահլիճում անցկացնել` ասելով, թե «ունենք այն, ինչ ունենք»: «Ունենք այն, ինչ ունենքով հարցեր չեն լուծվում»,- ասաց նա:
«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամները հայտնեցին, որ այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնելու են դիմում` առաջարկելով, որ գազի թանկացման վերաբերյալ հասարակական քննարկում անցկացնելու համար տրամադրվի կառավարության նիստերի դահլիճը:
Բացի այդ, նախատեսում են դիմել ՀՀ նախագահին, որպեսզի քննարկման դրվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետագա գործունեությունը:
Նախորդող` «Հանգիստ խոսա, քեզ ասում եմ». Ռոբերտ Նազարյանը` Արշակ Սադոյանին. գազի սակագնի վերաբերյալ հանրային լսումները հետաձգվեցին
«Հիմա ասեք կամ այո, կամ` ոչ: 15 րոպե խոսում ենք, վաայ». բուռն մթնոլորտ՝ գազի սակագնի քննարկմանն ընդառաջ
Գազը չպետք է թանկանա. Ակցիա հանձնաժողովի դիմաց (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում