Է. Հովհաննիսյան. Տեխզննման կտրոն ստանալը չի ազատում տեխզննում իրականացնելուց
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի քանի վարորդներ դժգոհություն են հայտնել ավտոմեքենաների տեխզննման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նրանք նշում են, որ իրականում վճարում են չմատուցված ծառայության դիմաց:
«Տեխզննում անցնող վարորդներ և իրավաբաններ:
Տուրքը պարտադիր ծառայության դիմաց վճար է:
Տեխզննման նոր մեթոդը պարտադրում է վճար՝ առանց ծառայության:
Արդյո՞ք բոլոր վարորդները չեն կարող դատարանի միջոցով այդ բոլոր վճարները հետ ստանալ, քանի որ համապատասխան ծառայություն չեն ստացել»,-գրել է օգտատերերից մեկը:
Մյուսն էլ նկատել է.
«Տեխզննումը կառավարության ջանքերի արդյունքում դառել է պետության կողմից գանձվող շատ թափանցիկ, էֆեկտիվ, պարզ եւ կիրթ մեթոդներով կաշառք:
Միակ բանը, որ պետք չի՝ մեքենան ա։ Անցած տարի տեխզննման կայանում ասեցի. «Արի տոռմուզները նավսյակի ստուգենք», երեւի եթե SpongeBob-ի շորերով լինեի ու արյունոտ ձեռքերով, էդ մարդը տենց հայացքով վրես չէր նայի»:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս տեխզննման կտրոնը վերցնելուց հետո անպայման մեքենան տանել զննման:
«Տեխզննման կտրոն ստանալը չի ազատում տեխզննում իրականացնելուց: Գնացեք, արեք, պահանջեք, հրաժարվելու դեպքում ձայնագրեք, այ էդ դեպքում` ուրիշ բան»,-կոչ արեց ՀԿ նախագահը: Նա վարորդներին խորհուրդ տվեց անպայման պահանջել տեխզննում կատարել, հակառակ դեպքում նրանք կարող են բողոքի դիմում ներկայացնել տրանսպորտի և կապի նախարարություն, վերջինս էլ կարող է կայանին զրկել լիցենզիայից:
Է. Հովհաննիսյանին դեռ դատարան դիմելու հարցի հետ կապված որևէ վարորդ չի դիմել, ասում է` հարցը քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում է:
«Մենք, ճիշտն ասած, այդ հարաբերություններով չենք զբաղվում, իրավասու չենք դուրս գալ դատարան: Մեզ այդ հարցով դիմող էլ չի եղել»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, տեխզննման կայաններ կան, «որ ոչ մի կոպեկ չեն վերցնում, տեխզննում անում են ու բոլոր փաստաթղթերը տալիս են»:
«Խնդրեմ, եկեք Դավիթաշեն, լրիվ անվճար, առանց հավելավճարի կստուգեն»,-իր փորձածն ուրիշներին խորհուրդ տվեց ՀԿ նախագահը:
Է. Հովհաննիսյանի խոսքով, միանշանակ բոլոր տեխզննման կայանները ձևական բնույթ են կրում:
«Կառավարությունը գրել է` պետք է անեն, իրենք էլ ոնց կարողանում են, այնպես անում են: 64 չափանիշ կա, որ պետք է ստուգվի, բայց ո՞վ է ստուգում»,-ասաց ավտովարորդների իրավունքների պաշտպանը:
Նրա կարծիքով, ողջ խնդիրը օրենսդրական բացթողման մեջ է:
«Օրենքն ասում է, որ մեքենայի սարքին վիճակի համար պատասխանատվություն կրում է սեփականատերը և վարորդը: Սա է, էլ ինչի՞ մասին է խոսքը, մենակ բյուջեն փող ենք լցնում»,-ասաց Հովհաննիսյանը ու բոլոր վարորդներին հորդորեց` հետևել իրենց մեքենաներին:
Նշենք, որ տեխզննման կտրոնի համար վարորդները վճարում են 8 հազար դրամ:
Նախորդող հրապարակումներ`
Մեքենան տեխզննում չի անցնում, բայց կտրոն է ստանում. «Աքիլլես»-ի բացահայտումները
Տեխզննման ոլորտում լրջագույն կոռուպցիոն ռիսկ կա. վարչապետը բացատրել է ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը
Նոյեմբերի 1-ից ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է տեխզննման կտրոնի առկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները