«Մատաղիս»-յան մղձավանջն ավարտվեց. Երեք տղաները վերջնականապես արդարացված են
Հայաստանի Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է «Մատաղիսի» գործով արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության դատախազների վճռաբեկ բողոքը։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում արդարացվածներից Արայիկ Զալյանն ասաց, որ ուրախ է ու բողոքը վերադարձնելն իր համար սպասելի էր: «Գործն ուղարկվելու է փաստորեն, նոր քննության և քանի դեռ կան երկու տուժողներ (սպանված զինծառայողները-հեղ.) ու հանցագործություն կատարած անձը բացահայտված չէ, քննությունն ավարտված լինել չի կարող», -հավելեց Արայիկ Զալյանը:
Հիշեցնենք` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 14-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: 2013 թ. մարտի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «Մատաղիսի» գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը թողեց օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանը մերժեց արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները: Դրանից հետո սակայն, զինվորական դատախազությունն ու Եղիազարյանների ընտանիքը Վճռաբեկ բողոք էին ներկայացրել` չհամաձայնելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ:
Հայաստանի Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։ Բողոքաբերների փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ տվյալ գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ։
Արայիկ Զալյանն ասաց, որ այս գործով առնվազն երկու քննություն պետք է իրականացնել` նախ պարզել, թե ովքեր են իրական հանցագործները, այնուհետև գտնել ու պատասխանատվության ենթարկել հանցագործությունը բացահայտել չցանկացողներին ու այն թաքցնողներին: «Ինը տարի դաժան պայքարից հետո վերջապես արդարությունը հաստատվեց և սկսվելու է նոր քննություն: Այս անգամ ճիշտ է նորից մեղադրյալ չենք լինի, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի հսկենք այս քննության ընթացքը», -նկատեց Արայիկ Զալյանը:
Թեմային առնչվող. «Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը պնդում է` մարդասպաններ են, իսկ պաշտպանը առարկում
Ոչ թե ամբաստանյալներ, այլ` արդարացվածներ. «Մատաղիսի գործ»-ով փաստաբանը ուղղում է դատավորին
«Ուղղակի ծիծաղելի է». Մատաղիսյան մղձավանջը շարունակվում է. Եղիազարյաններն ու զինդատախազությունը բողոքարկել են
Մատաղիսի գործով վերաքննիչը հրապարակեց վճիռը. Տղաներն արդար են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան