Օմբուդսմենը հրաժարվում է դրամաշնորհներից, քանի որ դրանք սահմանափակում են իրեն
Օմբուդսմենը պետք է անկախ լինի ոչ միայն պետական մարմիններից, ոչ միայն հասարակական որոշակի ազդեցություններից, այլ պետք է անկախ լինի նաև այլ երկրներից, այլ պետությունների դեսպանատներից և նրանց միջազգային կազմակերպություններից: Այսօր Ազգային ժողովում 2012-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ է Կարեն Անդրեասյանը հրաժարվում միջազգային դրամաշնորհներից:
Օմբուդսմենի խոսքով, երբ միջազգային կազմակերպությունները դրամաշնորհներ են տրամադրում, դրանով նաև սահմանափակում են իր գործունեությունը:
«Այդ սահամափակումները միգուցե չեն եղել բովանդակային, բայց եղել են վարչական տեսխնիկական, որոնք ազդել են որոշակիորեն իմ աշխատանքի արդյունավետության վրա: Օրինակ, դրամաշնորհի պարագայում կա այսպիսի պայմանագրային կետ` հայտարարությունը երբ անում ես, պետք է այն նախապես համաձայնեցնել որևէ դոնորի հետ: Ես իմ հայտարարությունները որևէ մեկի հետ երկրի ներսում չեմ ճշտում` ոչ բովանդակային, ոչ տեխնիկական առումով: Առավել ևս անհարմար է, որ օմբուդսմենը իր հայտարարությունները փորձի գոնե նախօրոք ցույց տալ որևէ մարմնի», -հայտարարեց Կարեն Անդրեասյանը` նշելով, որ այդ անհարմարությունների պատճառով էլ ինքը հրաժարվել է դրամաշնորհներից:
«Դրա համար ես իմ բյուջեի միջոցները այսուհետ միշտ խնդրելու եմ մեր պետությունից», -հավելեց նա:
Օմբուդսմենը հույս ունի, որ Հայաստանի տնտեսական զարգացումը հնարավորություն կտա, որպեսզի այս տարվա բյուջեից Պաշտպանի գրասենյակին հատկացվի 65 մլն դրամ հավելյալ գումար, ինչպես խոստացել են: