Շ.Քոչարյան. Բաքվի ագրեսիայի դիմաց եռանախագահությունը զսպաշապիկ է
«Արտգործնախարարության հաշվետվությունն էլ մի փաստաթուղթ է այն մասին, թե ինչպիսի մեծ ու անգնահատելի հաջողություններ է արձանագրել ԱԳՆ-ն հաշվետու տարում: Բայց ես հարցեր ունեմ, որոնց վերաբերյալ որևէ անդրադարձ փաստաթղթում չկա»,- դիմելով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով 2012թ-ի պետական բյուջեի կատարողականը:
Նա թվարկեց` վերջին տասը տարվա կտրվածքով ամեն տարի Հայաստանը ունեցել է որևէ երկրի պետական մարմնի կողմից Ցեղասպանության ճանաչում, սակայն 2007-10թթ-ին չենք ունեցել: Չենք ունեցել նաև 2011-12թթ-ին. «Արդյո՞ք ժամանակը չէ, որ արտգործնախարարությունը խոստովանի, որ վիժեցրել է ֆուտբոլային դիվանագիտությունը»,- հետաքրքրվեց Ն.Փաշինյանը:
«Լա~վ...սկսենք ուրեմն»,- ինչ-որ բան ակտիվ գրառելուց հետո սկսեց Շ.Քոչարյանը: Նա անդրադարձավ Ն.Փաշինյանի այն դիտարկմանը, թե 2007թ-ից Ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղել է ֆուտբոլային դիվանագիտության պատճառով. «Արձանագրությունները, այնուամենայնիվ, հստակ ֆիքսեցին, որ Թուրքիան դանդաղեցնում է գործընթացը լուրեր տարածելով ու ստեղծելով տպավորություն, թե իբր կա բանակցություններ ու երկխոսություն: Հիմա, իհարկե, ամեն ինչ մեր ձեռքում է, քանի որ այդ ամենը արդեն ակնհայտ է` ողջ գործընթացը վիժացրել է Թուրքիան և հենց նա էլ ճնշումների տակ է»,- հայտարարեց Շ.Քոչարյանը:
Փոխարտգործնախարարի խոսքով, Թուրքիան ներքին հրահանգներ է տալիս և ներգրավում նաև արտերկրում բնակվող ադրբեջանցիներին, այնպես անել, որպեսզի Ցեղասպանության հարյուրամյակից առաջ ճանաչման անիվը չպտտվի.
«Խնդիրը հետևյալն է` ո՞վ հետ կանգնեց արձանագրությունների վավերացումից: Այն հանգամանքը, որ հենց Թուրքիան հետ կանգնեց, խոսուն փաստ է»,- ընդգծեց բանախոսը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որոշ պետությունների առանձին նահանգներ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Շ.Քոչարյանը նշեց, որ սրա բացատրությունը թերևս հենց Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն է, որն էլ առաջացնում է հակազդեցություն. «Դրանք առաջին ծիլերն են և եթե Ադրբեջանը շարունակի իր այդ ագրեսիվ պահվածքը, այդ ծիլերը թափ կառնեն»,- համոզված նշեց փոխարտգործնախարարը:
Բացի այս, Ն.Փաշինյանը Շ.Քոչարյանից հետաքրքրվեց նաև, թե ո՞րն է, ի վերջո, Հայաստանի դիրքորոշումը, որը կիսում է միջազգային հանրությունը: ԱԳՆ ներկայացուցիչը նախ հորդորեց նայել, թե ինչ է անում Ադրբեջանը` տապալում է հետաքննության մեխանիզմը, սպառնում, խախտում հրադադարի ռեժիմը և այլն. «Հիմա նայենք նրանց բոլոր քայլերը ու տեսնենք, թե ինչ ենք անում մենք: Եվ երբ ասում ենք, որ մեր մոտեցումը ըմբռնելի է, հենց դա է նշանակում` մենք սեփական ժողովրդին մոլորության մեջ չենք գցում ու չենք խեղաթյուրում բանակցային գործընթացը»,- նշեց նա ու ավելացրեց` շատերի մոտ հարց է առաջանում, որ եթե այդպես է, ապա ինչ իմաստ ունի միջնորդների գործունեությունը ու ինչ առաքելություն նրանք ունեն այս ամենի համադրությամբ: Շ.Քոչարյանը, սակայն, այդ բոլոր հարցադրումներին վստահ պատասխանում է` իմաստ ունի ու միջնորդների առաքելությունը նաև նրանում է, որպեսզի պահպանվի զինադադարը, որում էլ ներդրում ունեն և միջնորդները, և Կասպերշիկի մոնիթորինգային խումբը, և կողմերը. «Բաքվի ագրեսիայի համար եռանախագահությունը զսպաշապիկ է»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան