Ղրղզստանը Մաքսային միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, իսկ Ուկրաինան ձեռք կբերի դիտորդի կարգավիճակ
Մաքսային միության պայմանները չեն գոհացնում Ուկրաինային, ուստի այդ կազմակերպության հետ համագործակցության հարցում Ուկրաինան կողմնակից է «3+1» ձևաչափին, որը չի նախատեսում պաշտոնական անդամակցություն: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական Վլադիմիր Զուբանովը:
«Վիկտոր Յանուկովիչն ասել է, որ Մաքսային միության հետ հարաբերություններն այն պայմաններով, որ այնտեղ գործում են՝ կանոնադրությունը, Եվրասիական հանձնաժողովը՝ որպես գործադիր մարմին, չեն գոհացնում մեր պետությանը և համապատասխանում Ուկրաինայի զարգացման մեր տեսլականին»,- նշել է Ուկրաինայի նախագահի խորհրդականը:
Իսկ «Ռոսբալտ» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն հայտարարել է, որ Ուկրաինան ձեռք կբերի դիտորդի կարգավիճակ ինչպես Մաքսային միությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում, որի գործունեությունը կմեկնարկի 2015թ.-ից: Ուկրաինայի և Մաքսային միության մեջև համապատասխան հուշագիրը կստորագրվի վաղը՝ մայիսի 31-ին, Մինսկում:
Միաժամանակ Ղրղզստանը Մաքսային միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել: Եվրասիական տնտեսական խորհուրդը ընդունել է երկրների ներկայացրած հայտերը: Նշվում է, որ Մաքսային միության հետ Ուկրաինայի և Ղրղզստանի համագործակցության բոլոր փաստաթղթերը կհաստատվեն հոկտեմբերին Մինսկում կայանալիք Մաքսային միության բարձրագույն խորհրդում:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության բարձրագույն մարմնի՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, ինչից հետո տեղի է ունեցել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը Ղրղզստանի և Ուկրաինայի նախագահների հետ:
Նախորդող՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները քննարկելու են եվրասիական ինտեգրման հեռանկարները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում