Ս. Մարտիրոսյան. «Facebook»-ում տեղեկատվական, քարոզչական մեքենայություններից խուսափելու անհրաժեշտությունը կա նաև Հայաստանում
«Բոլոր երկրներում առաջանում են խնդիրներ. հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերի հարցում երբեք 100% վստահություն չես ունենա, որ դա պաշտոնական էջ է, հատկապես երբ պաշտոնական կայքում համապատասխան հղում չկա: Դա մանիպուլյացիաների ու խաբեության հնարավորություն է տալիս: Ֆեյսբուքում տեղեկատվական, քարոզչական մեքենայություններից խուսափելու անհրաժեշտությունը կա նաև Հայաստանում»,- անդրադառնալով հանրաճանաչ մարդկանց, հասարակական ու քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերի իսկությունը ստուգելու մասին «Facebook» սոցիալական ցանցի ղեկավարության հայտարարությանը, Panorama.am-ի հետ զրույցում նշեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա դիտարկմամբ, «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում հայտնի հասարակական-քաղաքական գործիչների անվամբ կեղծ էջեր բացվում են հիմնականում ընտրական շրջանում, ակտիվ քաղաքական զարգացումների ժամանակ, ինչը տեղեկատվական և քարոզչական դաշտում մանիպուլյացիաների դեր է խաղում:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է «Ֆեյսբուքը» ստուգելու այդ էջերի իսկությունը, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ հարցում տարբեր սոցիալական ցանցեր տարբեր կերպ են գործում:
«Օրինակ, « Twitter» սոցիալական ցանցում մարդիկ կարող են հայտ ուղարկել և առաջարկել, որպեսզի իրենց էջում դրվի իսկությունը հաստատող պիտակ: Այդ դեպքում « Twitter»-ը կապ է հաստատում, ստուգում իսկությունը, որը, սակայն, կարող է և չանել: Ֆեյսբուքի պարագայում չկա հայտ ներկայացնելու համակարգ, Ֆեյսբուքի ղեկավարությունն ինքն է ընտրում առավելապես աշխարհահռչակ մարդկանց էջերը, ստուգում և էջերի վրա դնում է այդ պիտակը: Եթե, օրինակ, հիմա փնտրեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էջը, կտեսնեք, որ անվան կողքին դրված է կապույտ նշան և գրված «Verified Page»: Դեռևս համակարգն այդպիսին է: Կարծում եմ՝ որոշ ժամանակ կպահանջվի, որ նրանք անցնեն հայտային համակարգին, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նախորդող՝ «Facebook»-ը ստուգելու է հանրաճանաչ մարդկանց էջերի իսկությունը