«Պարոն Քոչարյան, սրտանց Ձեզ հրավիրում ենք». ԱԺ-ն քննարկում է ԱԳՆ-ի ծախսերը
«Պարոն Քոչարյան, սրտանց Ձեզ հրավիրում ենք»,- Ազգային Ժողովում ելույթի հնարավորություն տալով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտաշես Գեղամյանը:
Նշենք, որ 2012թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկումները հասան արտաքին հարաբերությունների ոլորտին. արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փոխարեն ԱԺ պատգամավորի հետ քննարկմանը ներկայացել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նախ, տեղեկացվեց, որ 2012թ-ին ԱԳՆ-ի համար նախատեսվել էր 9 մլրդ 555 մլն դրամ ծրագիր, սակայն հաշվետու տարում այն դարձել է 10 մլրդից ավելի գումար, որն էլ ծախսվել է: Միայն նախարարարության աշխատակազմի պահպանման համար անցած տարի ծախսվել է 871 մլն դրամ: Իսկ նախարարի աշխատակազմի պահպանման համար նախատեսված էր 210 մլն դրամ, որն էլ ծախսվել է 99 տոկոսով: Բացի բոլոր հատկացումներից, ԱԳՆ-ին հաշվետու տարում նաև կառավարության պահուստային ֆոնդից է գումար հատկացվել:
Ինչ վերաբերում է դեսպանությունների և ՀՀ ներկայացուցչությունների պահպանման ծախսերին, ապա ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նկատեց, որ 2011թ-ի համեմատ դրանց պահպանման համար նախատեսված հատկացումները աճել են:
Շ.Քոչարյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ տարի ԱԳՆ-ն Վիլնյուսում դեսպանություն բացեց հենց այդ ավելացած հատկացումների շնորհիվ, նաև ներկայացուցչություն Մարսելում: Իսկ մոտակա ժամանակներում, հավելեց նա, նախատեսվում է դեսպանություն բացել Շվեդիայում: