Ա. Սադոյան. «Հայռուգազարդ» ընկերության ներկայացուցիչները չեն ուզում, որ իրենց գրպանին կպնեն
«Հայռուգազարդ» ընկերության հայտում ծախսերը ներկայացված են ուռճացված: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ խոսելով գազի գնի թանկացման մասին:
Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին 10 հազար խմ գազի գինը գործող 132 000 դրամի փոխարեն` 221 000 դրամ սահմանելու հայտով: Կառավարությունը հայտարարել է, որ ներկրվող գազը կսուբսիդավորի 30 տոկոսով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտարարել են, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդ մետրի դիմաց՝ 156 դրամ: Այս պահին 1 խմ գազն արժե 132 դրամ:
Նրա խոսքով, «Հայռուգազարդ» ընկերությունը հասկանում է, որ գազի գնի թանկացումը կբերի գազի ծավալների նվազման, «բայց քնի որ չեն ուզում, որ իրենց գրպանի փողերին կպնեն, ներկայացրել են ահավոր ծիծաղելի առաջարկություն»:
«Ռուսաստանը հայ ժողովրդին նայում է որպես հեռավոր մի մարզի ժողովրդի, որի հետ ինչ ուզում է, անում է: Հենց այնպես՝ կթու կով են գտել ու փորձում են օգտագործել»,- ասաց Ա. Սադոյանը:
Նա նաև բացասաբար անդրադարաձավ այն փաստին, որ ժողովրդի համար այսքան կարևոր նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թեև կազմակերպել էր բաց քննարկում, բայց դրա համար մի «կիսամիջանցքային» վայր էր հատկացրել: Ա. Սադոյանն ասաց, որ ինքն առաջարկել է մեծ դահլիճ, սակայն չեն համաձայնվել: Ինչ վերաբերում է ՀԾԿՀ-ի այն հայտարարությանը, որ բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում են գազի և էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ներկայացնել գրավոր և բանավոր առաջարկությունները, նա նկատեց. «Անունը դնելու են հանրային քննարկում: Ծիծաղելի է»:
Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ-ում նախատեսված էր սպառողներին վաճառվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին խոչընդոտեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները` բողոքելով, որ դրսում հավաքված մարդկանց, ովքեր քննարկմանը մասնակցելու համար գրանցվել են, թույլ չեն տալիս ներս մտնել և մասնակցել քննարկմանը, քանի որ ՀԾԿՀ-ի դահլիճը փոքր է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում