Դավիթ Բաբայան. Լավրովի և Ստեփանակերտի ցանկությունները համահունչ են
ԼՂՀ ղեկավարությունը նորմալ է վերաբերվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը` արված ադրբեջանցի գործընկերոջ հետ և վստահ է, որ Մոսկվան շարունակում է իր հավասակշռված քաղաքականությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Բաբայանի խոսքով, Լավրովի ցանկությունը` ստատուս քվոյի փոփոխության մասին համահունչ է Ստեփանակերտի ցանկությանը, սակայն այստեղ տարբերություններն կան պատկերացումների մեջ:
«Երբ խոսվում է ստոտւս քվոյի մասին, մենք անմիջապես պատկերացնմում ենք ներկայիս իրավիճակը, իրականում այն կապված չէ տարածքների հետ»,-շեշտեց Բաբայանն ու ավելացրեց, որ Բաքվի պատկերացմամբ, ստատուս քվոն վերադարձ է 1988 թվականին, իսկ Ստեփանակերտի պատկերացմամբ, ստատուս քվոն կլինի այն ժամանակ, երբ երկու պետությունները պաշտոնապես ճանաչեն իրար:
Բաբայանի խոսքով, ժամանակի ընթացքում Ղարաբաղի հարցը փորձել են լուծել տարբեր եղանակով. 70 տարի եղել է մի տարբերակ` Ինքնավար մարզի տեսքով, այդ ձևաչափը սպառեց իրեն, ապա մյուս տարբերակով ԼՂ-ն ենթարկեցին անմիջապես ԽՍՀՄ կենտրոնին` Մոսկվային, որը ևս իրեն չարդարացրեց: Արդյունքում ԼՂ ինքնավար մարզն ու Շահումյանի շրջանը ինքնորոշվեցին ու ստեղծեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, սակայն Ադրբեջանը օգտելով անկլավային իրավիճակից, ագրեսիա դրսևորեց ԼՂ հանդեպ:
«Վերջին 20 տարում աշխատում է մի տարբերակ, որն արդարացնում է իրեն և 1988-ին վերադարձ հնարավոր չէ»,-ասաց նա:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը կրկին շեշտեց, որ Լավրովի հայտարարությունը միայն կոչ է բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ: Բաբայանը նաև նշեց, որ Բաքվի ներկայիս ֆաշիստական և հայատյաց հայտարարությունները թույլ չեն տալիս բանակցային գործընթացը շարունակել բնականոն հունով:
Անդրադառնալով հարցին, որ ռուսական կողմը պարբերաբար զենք է վաճառում Ադրբեջանին, ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց, որ դա զուտ բիզնես է և համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանում ուժերի հավասարակաշռությունը միշտ կպահպանվի:
Ինչ վերաբերում է բանակցային սեղանի շուրջ ԼՂ վերադարձին, Բաբայանը հայտարարեց, որ հիմնական խոչընդոտողը Ադրբեջանն է, սակայն համոզված է, որ Ստեփանակերտը վաղ թե ուշ կներգրավվի բանակցային գործընթացում:
Հարցին, թե ինչպես է ինքն ընդունում ադրբեջանական տարածքների վերադարձի մասին հնչող կոչերը, Բաբայանն ասաց, պետք է հիշել, որ ներկայիս ԼՂՀ-ի տարածքը Արցախի պատմական տարածքների ընդամենը 1/5-րդն է, իսկ այսօր ԼՂՀ ենթակայության ներքո գտնվող բոլոր տարածքները անվտանգության համակարգի մի մասն են:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահի Բակո Սահակյանն առավոտյան այցելել է ՀՀ ԱԻ նախարարություն` ծանոթանալու գերատեսչության գործունեությանն ու հնարավորություններին։