Գագիկ Մակարյան. «Շուրջ 12 նախարարներ պետք է փոխվեն, հակառակ դեպքում ոչ մի ծրագիր էլ կյանքի չի կոչվի»
«Այն ծրագիրը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը, ներկայիս նախարարներով չի կարող իրականություն դառնալ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Շուրջ 12 նախարարներ պետք է անվերապահորեն փոխվեն, կարելի է կառավարության կազմում թողնել ընդամենը 4-5 նախարարի: Անուններ չեմ ուզում հրապարակել»,- նշեց նա` հավելելով, որ Կառավարության ծրագիրը շատ ավելի մոդեռն է, հետաքրքիր է և առաջադեմ, մինչդեռ նախարարներն իրենց մտածելակերպով և պրոֆեսիոնալիզմով չեն կարող այդ առաջադեմ ծրագիրն իրականություն դարձնել:
Գ.Մակարյանի խոսքերով`բացի նախարարներից, կառավարությունը պետք է վերանայի իր ներքին կառուցվածքը, ինչպես նաև նախարարությունների կանոնադրությունը: «Միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ այդ ծրագիրն իսկապես կիրականացվի»,- նշեց նա` հավելելով, որ կառավարությունում նաև 4-5 ռեֆորմիստներ են պետք, ովքեր վարչապետի կողքին լինելով կկարողանան այդ մարտահրավերները հաղթահարել և այդ ամբիցիոզ ծրագիրը կյանքի կոչել:
Հարցին, իսկ ավելի լավ չէ վարչապետին փոխել, քան նախարարներին, Գ.Մակարյանը նշեց, որ կարելի է նաև դրա մասին էլ մտածել, սակայն հիմա կա ծրագիր և պետք է ժամանակ վարչապետին: «Դրանից հետո կերևա, թե ով է խանգարողը, որտեղ է սխալը, որտեղից պետք է սկսել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմում փոփոխության ենթարկված մի քանի նախարարներին, Գ. Մակարյանն ասաց, որ դրանք էական փոփոխություններ չեն և այդ անձերը ևս փոփոխության կարիք ունեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները