«Ես էլ ասում եմ` խիզախություն դրսևորեք և միկրոբիզնեսը ազատեք հարկերից». Գագիկ Մակարյանը` կառավարությանը
«Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ գազի գինն այդքան չի կարող թանկանալ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ` հավելելով, որ իրենց հաշվարկներով` սուբսիդավորումից հետո գազի գինը կարող է բարձրանալ ոչ թե 24 դրամով, այլ մոտ 14 դրամով:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա Գ.Մակարյանը առաջարկում է թանկացնել ատոմակայանից ձեռք բերված էլեկտրաէներգիան` 11 դրամից հասցնելով 13,5 դրամի: Արդյունքում, ըստ նրա, էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 8, այլ 4-5 դրամով:
«Իսկ եթե գազի գինը թանկանա 24 դրամով, իսկ էլեկտրաէներգիայինը` 8 դրամով, դրան գումարենք կարկտահարությունը, ինչի հետևանքով բերքին մեծ վնաս հասցվեց, ապա դա շղթայական ռեակցիա կունենա և ամեն ինչ կթանկանա: Արդյունքում` աղքատությունը կավելանա, նոր գործազրկության խնդրի առաջ կկանգնենք»,- ասաց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով` այս ամենից խուսափելու համար, կառավարությանն առաջարկում է միկրո և փոքր բիզնեսը ազատել հարկերից, որպեսզի էներգակիրների թանկացման հետևանքով ձեռնարկատերերը այդ հարկերը ուղղեն իրենց բիզնեսի կայացման համար: «Սա սուբսիդավորման մի տարբերակ է, և եթե այդ գումարներն ուղղվեն նշված բիզնեսների հարկերից ազատմանը, ապա դա լուրջ օգնություն կլինի այս թանկացումների դեպքում»,- ասաց Գ.Մակարյանը:
Ինչ վերաբերում է կառավարության այն հայտարարությանը, թե պետք է խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր հավաքեն, Գ.Մակարյանը նշեց. «Ես էլ ասում եմ` եկեք օրինակ ծառայեք, խիզախություն դրսևորեք և միկրոբիզնեսը ազատեք հարկերից և 100 մլն դրամ հարկերը հավաքեք ոչ թե փոքր, այլ խոշոր բիզնեսից; Ասում եմ` եկեք գործնական քայլի անցնենք, դրանով նաև կառավարությունը կապացուցի, որ ոչ միայն խոստումներ է տալիս, այլ գործնականում դրանք կատարում է»:
Գ. Մակարյանը նշեց նաև, որ եթե իր առաջարկը ընդունվի, ապա դրանից հետո միկրոբիզնեսը կկարողանա զարգացում ապրել: Նա նաև հայտնեց, որ մոտ օրերս ինքը պատրաստվում է նամակ հղել վարչապետին, որտեղ կներկայացնի իր մտահոգությունները: «Կարծում եմ, որ ինչ-որ մի բան պետք է տեղի ունենա: Կամ կառավարությունը պետք է խիզախ քայլերի գնա կամ քաղաքացիական հասարակությունը պիտի ակտիվանա», - ընդգծեց նա:
Նրա խոսքերով` եթե գազն ու էլեկտրաէներգիան թանկանան, ապա աշնանից սկսած քաղաքացիները ճգնաժամի մեջ կհայտնվեն: «Առաջին հերթին կթանկանա հացամթերքը, այլ պարենային ապրանքները, տրանսպորտը, հյուրանոցների գները ևս կբարձրանան: Աշխատավարձերի բարձրացման խնդիրը հարց չի լուծում, հատկապես, եթե դա վերաբերում է պետական համակարգում աշխատողներին, ինչը հակասում է Սահմանադրությանը»,- նշեց Գ.Մակարյանը:
Ըստ նրա` սա կբերի նաև նրան, որ փոքր և միջին ձեռնարկությունները կփակվեն, ինչի արդյունքում մոտ 100 հազար մարդ գործազուրկ կդառնա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում