Ոչինչ անհնար չէ. Եթե Գերմանիան ու Ֆրանսիան հաշտվեցին, ապա կհաշտվեն նաև Հայաստանն ու Ադրբեջանը. ԵԽԽՎ նախագահ
Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահ, պատմական հնարավորություն ունի մեծ ներդրում անել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այդ մասին այսօր ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:
«Այսօր պահը պատմական է Հայաստանի համար, վաղը պատմական կլինի Ադրբեջանի համար, քանի որ մյուս տարի մայիսին Ադրբեջանն է լինելու ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը: Ոչինչ անհնար չէ. եթե Գերմանիան ու Ֆրանսիան հաշտվեցին ու դա հնարավոր եղավ նրանց պարագայում, ապա այդպես կլինի նաև Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում», -հայտարարեց ԵԽԽՎ նախագահը` ասելով, որ Նախարարների կոմիտեի նախագահության ընթացքում Հայաստանը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի խնդրի լուծման հարցում:
Նա ասաց, որ որպես Եվրոպայի խորհրդի պատգամավորներ, իրենք ամեն ինչ կանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում ԼՂ հիմնահարցով նախկինում զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնմանը, Մինյոնը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը դեմ է այդ ենթահանձնաժողովի գործունեությանը: Հիշեցնենք` այդ ենթահանձնաժողովը, որի գործունեությունը դադարեցվել էր Ռասել Ջոնսթոնի մահից հետո, վերականգնվել էր ազգությամբ թուրք ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլուի ակտիվ ջանքերով:
«Ես ֆրանսիացի եմ, և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և ես համարում եմ, որ այդ բանակցությունների շարժիչ ուժը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», -հավելեց Մինյոնը:
Նա ասաց, որ մի քանի օր առաջ Ադրբեջանում հանդիպել է այդ երկրի արտգործնախարարի հետ և «հետաքրքիր ու դրական զրույց» ունեցել Մամեդյարովի հետ: Իսկ արդեն վաղը առանձնազրույց կունենա Հայաստանի արտգործնախարարի հետ: «Իմ և Խորհրդարանական վեհաժողովի դերն այն է, որ հարգի յուրաքանչյուրի մոտեցումները: Դա բանակցությունների հաջողության գրավականն է: Չմոռանալով անցյալը, պետք է նայել դեպի ապագան», -նկատեց Մինյոնը:
Հարակից հրապարակումներ. Ընդդիմությունը բողոքում է` «Ա-զա-տու-թյուն», իսկ Ժան Կլոդ Մինյոնը դա նորմալ է համարում` «Ես էլ եմ ընդդիմություն» (լուսանկարներ)
Էլ ի՞նչ անենք, Ադրբեջանը բոլոր առաջարկները մերժում է. Նալբանդյանը բացահայտումներ է արել եվրոպացի պատգամավորների համար