ՁԻԱՀ հիվանդների թիվը հունվար-ապրիլին ավելացել է 53-ով. հիվանդների թվում են նաև երեխաներ
2013թ-ի առաջին չորս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ՁԻԱՀ 53 նոր դեպք, որից 3-ը 0-14 տարեկան խմբում: 2012թ-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ՁԻԱՀ 38 դեպք` այս տարվա համեմատ 13-ով պակաս, և, բարեբախտաբար, 0-14 տարեկան խմբին այդ դեպքերից որևէ մեկը չի առնչվել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-ապրիլին» զեկույցից:
Ի տարբերություն ՁԻԱՀ-ի նոր դեպքերի, այս տարի, նախորդի համեմատ, նվազել է ՄԻԱՎ դեպքերի քանակը: 2013թ-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 62 նոր դեպք, որից 2-ը 0-14 տարեկան խմբում: Իսկ 2012թ-ի հաշվետու ժամանակահատվածում ՄԻԱՎ վարակակիրների թիվը ավելացել է 73-ով, որից 1 դեպքը երեխաների շրջանում:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` 2013թ-ին նվազել է Հեպատիտ B հիվանդացությունների արձանագրումը. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է 18 նոր դեպք անցած տարվա 23-ի դիմաց: Ընդ որում ոչ 2012-ին և ոչ էլ 2013թ-ին 0-14 տարեկանների խմբում նոր դեպք չի արձանագրվել: