Հայ մարզիկները պատրաստվում են սուրդլիմպիկ խաղերին
Մայիսի 31-ին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալվել էին խուլ ըմբիշներ Նարեկ Նիկողոսյանը, Հովհաննես Հարությունյանը և Սարգիս Սարգսյանը, ովքեր ապրիլ ամսին Իրանում կայացած միջազգային մրցաշարում թիմային հաշվարկով գրավել էին 3-րդ տեղը: Նարեկ Նիկողոսյանը և Սարգիս Սարգսյանը պատրաստվում են հուլիսի 31-ից օգոստոսի 10-ը Բուլղարիայում կայանալիք սուրդլիմպիկ խաղերին, իսկ Հովհանես Հարությունյանը դրանք բաց կթողնի վնասվածքի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշե Դավթյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` խոստանալով, որ պետությունն ամեն ինչում օժանդակելու և օգնելու է նրանց` սպասելով նրանց մարզական հաջողություններին: Մարզիկներն էլ, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել ընդունելության և ցուցաբերված ուշադրության համար: