«Երեխաները … իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են». Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն
«Առանց երեխաների հնարավոր չէր լինի այդպես սիրել մարդկությունը»,-ժամանակին նման համոզմունք է հայտնել ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին:
Իրոք՝ երեխան կյանք է, երեխան սեր է, երեխան ուժ է, երեխան ուրախություն ու բարություն է, երեխան հույս ու ժպիտ է: Երեխաների համար ծնողները պատրաստ են ամեն ինչ, երեխաների համար բարենպաստ կյանք ապահովելու համար ծնողը մոռանում են ամեն դժվարություն ու շարժվում առաջ. երեխայի ուրախությունը նաև ծնողների ուրախությունն է:
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։
Աշխարհում երեխաների պաշտպանությունը նախատեսող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում` 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը, 1989թ. ընդունված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., իսկ 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Երևանի քաղաքապետարանը, տարբեր կազմակերպություններ, թանգարաններ նախաձեռնել են օրվան նվիրված մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ: «Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից: Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական ծանոթ համույթները, այնուհետև նրանց կփոխարինեն հայկական էստրադայի հայտնի կատարողները: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ: Ազատության հրապարակն 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նույնպես անակնկալներ է պատրաստել մանուկների համար. արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրեր, տիկնիկային թատրոն, զվարճալի խաղավար ծաղրածուները հեքիաթների սիրված հերոսներ, համերգ: Երեխաներին նվիրված միջոցառումներ նախատեսված են նաև տարբեր քաղաքներում:
Յուրաքանչյուր ծնող իր պարտքն է համարում իր երեխայի համար ապահովել անհոգ մանկություն, երջանիկ օրեր: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է իր երեխայի ամեն մի օրը տոնի վերածել, իսկ այս օրը էլ ավելի առանձնահատուկ դարձնել:
«Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկության հետ, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են»,- ասել է ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վիկտոր Հյուգոն: