Դավիթ Սահակյանց. Հայկական անիմացիան մրցունակ է
Հայկական մուլտիպլիկացիան վերելք է ապրում. ստեղծվում են ֆիլմեր, ունենք ավելի շատ մասնագետներ, ավելի հետաքրքիր մտահղացումներ: Ասուլիսում նման կարծիք հայտնեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նա նշեց, որ ստեղծվում են անիմացիոն ֆիլմեր ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, ուղղակի խնդիրն այն է, որ հեռուստաընկերությունները չեն ցուցադրում: Դ. Սահակյանցն ասաց, որ իրենք այժմ շեշտը դնում են հենց մանկահասակների համար հայերեն անիմացիոն ֆիլմեր պատրաստելու վրա, քանի որ համացանցում թեև շատ են մանուկների համար ֆիլմերը, բայց հայերեն չեն:
Նա տեղեկացրեց, որ այս տարի կավարտեն «Անահիտ» մուլտֆիլմի նկարահանումները. «Քիչ ստուդիաներ թույլ կտան իրենց անել նման լիամետրաժ ֆիլմ (85 րոպե) կլասիկ ոճով: Երեխաները կզգան այն վերաբերմունքը, որ իրենց համար արվել է աշխատանք ու արվել է այստեղ»: Հաջորդ տարվա համար ծրագրված է Հ. Թումանյանի 145-ամյակի առիթով նկարահանել նրա բանաստեղծությունների հիման վրա շարք: Նման ծրագիր իրականացնելու հայտ ներկայացվել է մշակույթի նախարարություն ու հավանության է արժանացել:
Դ. Սահակյանցը տեղեկացրեց, որ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիան այս տարի «Աննսի» միջազգային անիմացիոն փառատոնում կրկին կունենա իր տաղավարը (կայանալու է հունիսի 10-15-ը ):
Նրա դիտարկմամբ, հայկական մուլտֆիլմը մրցունակ է. «Առաջին անգամ երբ դուրս եկանք միջազգային շուկա` 2010 թվականին Կաննի կինոշուկայում, վախեցած էինք, որ մեն չունենք այդ ուժը, կարողությունները, սակայն տեսանք, որ մրցունակ ենք, կարող ենք անել ցանկացած պրոեկտ»:
Նրա բնորոշմամբ, հայկական մուլտֆիլմն այսօր անկեղծ է, «նրա մեջ չկա մի բան, որ կա եվրոպական անիմացիայում, երբ վերցնում են մի նշաձող, թեմա ու մի ամբողջ տարի նվիրում դրան»: Դ. Սահակյանցը նաև ասաց, որ իրենք հոգեբանների հետ հատուկ չեն աշխատում, այլ իրենք են ընտրում կերպարներին, թեմաները:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան