Մեկնարկել են միասնական քննությունները. Ինչո՞ւ է նվազել դիմորդների թիվը
Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները. այդ նպատակով Երևանում և մարզերում ձևավորվել են 36 քննական կենտրոններ:
Առաջին քննությունն անցկացվել է «Ռուսաց լեզու» առարկայից: Այսօր առավոտյան Երևանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը հաջողություն է մաղթել բոլոր դիմորդներին, իսկ ծնողներին հորդորել պահպանել հանգստություն: Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնա կանում վերաբերել են թեստերի որակին և դիմորդների քանակին:
Անդրադառնալով թեստերին` նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան և հույս հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ և հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի: Խոսելով «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն օտար լեզուների ցանկում ներառելու մասին` Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ռուսաց լեզուն հետաքրքրություն է առաջացրել դիմորդների շրջանում` այսպիսով թույլ տալով տարբեր ֆակուլտետների դիմորդներին որպես օտար լեզու հանձ նել նաև ռուսերենը: Նախարարն ընդգծել է նաև, որ «Ռուսաց լեզու» առարկայի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական բուհերի դիմորդների շրջանում, քանի որ ՀՀ և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրով Հայաստանին հատկացվել են որոշակի տեղեր:
Անդրադառնալով դիմորդների թվին` նախարարն ընդգծել է, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի որոշակի նվազում, որը Արմեն Աշոտյանը բացատրել է երկու հանգամանքով` նախ, որ անցյալ տարվանից 50 տոկոսով ավելացել են նախնական և միջին մասնագիտական ուսումն ական հաստատություններին տրամադրվող անվճար տեղերը և վերացել ընդունելության քննությունները նշված ուսհաստատություններում: «Երկար տարիներ խոսվում է, որ աշխատաշուկայում առկա է պահանջարկ` միջին մասնագիտական կրթությամբ աշխատողների, մինչդեռ զուգահեռ կա գերհագեցած բարձրագույն կրթությամբ մասնագետների շուկա: Այսինքն, աստիճանաբար կատարվում է մարդկային հոսքերի վերաբաշխում, և պետության քաղաքականությունը` խթանել միջին մասնագիտական կրթությունը, իր արդյունքն արդեն տալիս է: Եվ երկրորդ, այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանն իրականացնում է նաև բակալավրիական կրթություն, և դիմորդների մի զգալի մաս նախապատվությունը տվել է վերոնշյալ բուհին: Գովելի է, որ բուհական համակարգում մրցակցությունը նոր ձևեր է ստանում, և պետությունն իրականում շահագրգիռ է` մրցակցության շնորհիվ կրթության որակի բարելավմանը»,-ընդգծել է նախարարը:
Հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա