ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն նախընտրում են լինել ԲՀԿ-ի կցորդը
Անդրադառնալով ԱԺ-ում կայացած կառավարության ծրագրի քննարկմանը` «Голос Армении»-ն նշում է, որ առաջին անգամ հայաստանյան իշխանությունները բառացի հրավիրեցին ընդդիմությանը մասնակցել տնտեսության զարգացման, կոռուպցիայի վերացման և վերահսկման ծրագրերին, սակայն ընդդիմության հիմնական մաս կազմող ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը նախընտրեցին կառավարության ծրագրի պոպուլիստական քննադատությունը:
Ըստ թերթի` խնդիրը նրանում է, որ ընդդիմության համար շատ ավելի հարմարավետ է կատարել ԲՀԿ-ի կցորդի դերը և զբաղվել վարչապետի քննադատությամբ, քան վերադասավորվել և զբաղվել երկրի առջև ծառացած խնդիրների լուծմամբ:
«Թե´ ՀԱԿ-ը, թե´ ՀՅԴ-ն չհատեցին Երևանի ավագանու ընտրությունների նվազագույն շեմը, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ հոգնել են ընդդիմության մեջ լոկ իշխանությունների վրա ցեխ շպրտող մեկին տեսնելուց, եթե մինչև 2017թ-ը ընդդիմությունը չվերանայի իր ռազմավարությունը, այլ հույսը դնի լոկ գների թանկացման արդյունքում սոցիալական ընդվզման և հեղափոխության վրա, ապա դժվար թե 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարողանան վերադառնալ Ազգային Ժողով»,-գրում է «ГА»-ն: