Լ. Հովսեփյան. Ստամբուլի իրադարձությունները դեռ կարող են էլ ավելի տարերային ու վտանգավոր բնույթ ստանալ Թուրքիայի ողջ տարածով մեկ
Մայիսի 31-ի գիշերը Ստամբուլի զանգվածային ակցիաները, որոնք ուղեկցվում են ոստիկականական անհամաչափ գործողություններով, աստիճանաբար ավելի շատ ստանում են հակակառավարական բնույթ և դրանք արդեն իսկ ուղղվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ: Դեռևս պահպանվում է լարվածությունը, և ողջ Թուրքիայով մեկ անկարգությունների ու ակցիաների տարածվելու հավանականություն կա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` մեկնաբանելով Ստամբուլում արդեն մի քանի օր շարունակվող զանգվածային ակցիաներն ու վերջին բախումները:
Ըստ նրա` զանգվածային ակցիաները տարածվեցին Անկարայում, Իզմիրում, Իզմիթում և այլ քաղաքներում, որտեղ նույնպես գրանցվեցին բախումներ, եղան մեծ թվով ձերբակալություններ: Նույնիսկ բողոքի ակցիաներ եղան մեծամասամբ ալևիներով բնակեցված Թունջելիում, իսկ Իզմիթում փորձ է արվել ներխուժել ու գրավել իշխող կուսակցության նահանգային գրասենյակը: Այդ զանգվածային բողոքի ակցիաներին էին միացել խոշոր ընդդիմադիր ուժերը: Ուշ երեկոյան դատական որոշում կայացվեց Ստամբուլի կենտրոնում կառավարության կողմից նախաձեռնված ենթակառուցվածքային նախագծի իրականացման դադարեցման մասին:
«Սա, կարծում եմ, իշխանությունների մտահոգությամբ էր պայմանավորված, քանի որ զանգվածային այդ միջոցառումներն արդեն վտանգավոր բնույթ էին ստացել և հղի էին անկանխատեսելի հետևանքներով: Պատահական չէր, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ, ինչպես արաբական «ալ-Ջազիրան», բրիտանական «Գարդիանը» ակնարկեցին «թուրքական գարնան» մասին»,- ասաց թուրքագետը:
Ստամբուլի կենտրոնում ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամարժեք ոստիկանական ուժ, և իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են հետաքննության: Դա բացահայտ քննադատեցին ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մի շարք միջազգային կազմակերպություններ, ցուցարարների իրավունքների, խոսքի ու ազատությունների մասին կրկին հիշեցրեց ԱՄՆ պետքարտուղարությունը:
«Այս իրադաարձությոունները կրկին պարզորոշ դարձրեցին Թուրքիայում խոսքի ու հավաքների ազատության մեղմ ասած անմխիթար վիճակը: Մասնավորապես, մայիսի 31-ին ոստիկանական ուժերի կողմից ցուցարարների դեմ կիրառված գործողությունները, բախումներն ու իրադարձությունները ցույց տվեցին թուրքական մամուլի վիճակը: Ընդդիմադիր ու անկախ լրատվական դաշտը բավական օպերատիվ ու մանրամասն ներկայացնում էր տեղի ունեցող բախումները, ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ անհամարժեք ուժի կիրառումները, իսկ իշխանական մամուլը, կարելի է ասել, շատ դեպքերում պահպանում էր լռություն: Եվ ընդհանրապես, լրատվական դաշտի նկատմամբ վերահսկողությունն ու խոսքի ազատությունը բավական լուրջ հարվածի տակ է դրվել, ինչի մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել են ինչպես ԱՄՆ-ը, ԵՄ-ն, այնպեսլ է միջազգային կազմակերպություններ», -նշեց Լ. Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր է շարունակվում են Ստամբուլի կենտրոնական այգում ծառերի հատման դեմ բողոքի ակցիաները: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ: Ցույցերին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ: Կան տասնյակ ձերբակալվածներ ու վիրավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան