Նախարարի մաղթանքը` երեխաներին. Մանկության Ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ, մաղթել հոգատարությունը, գորովանքն ու քնքշանքը լինեն նրանց անբաժան ուղեկիցը:
«Իմ փոքրիկ բարեկամներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:
Ձեր անկեղծությամբ, անմիջականությամբ, շրջապատող աշխարհը ճանաչելու ձգտումով դուք հրճվանքի և գոհունակության պահեր եք պարգևում ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին, մեզ բոլորիս:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երեխաների խնդիրներով զբաղվող բոլոր մարմիններն անում են հնարավորը` երեխաների իրավունքները պաշտպանելու, առողջ, կրթված և ազատ սերունդ ունենալու համար, քանզի դուք եք մեր հաջողությունների և ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:
Այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում` լուծելու ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող երեխաների խնդիրները, ստեղծվում են պայմաններ, որոնք հնարավորություն կտան ձեզ` ձևավորվել որպես հասարակության լիիրավ անդամներ, կնպաստեն ձեր ինքնադրսևորմանն ու կայացմանը:
Փորձենք մեզ տրված հնարավորություններն օգտագործել այնպես, որ ձեր յուրաքանչյուր օրը լինի իմաստավորված, բազմազան ու գունագեղ: Թող հոգատարությունը, գորովանքն ու քնքշանքը լինեն ձեր անբաժան ուղեկիցը ողջ կանքի ընթացքում:
Սիրելիներս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս ջերմ և ուրախ տոնի կապակցությամբ և մաղթում, որ մանկության Ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սերը հարատևեն»,-ասված է ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները