ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի մասնակցության և ատոմակայանի նոր բլոկի կառուցման հարցը
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև հանդիպում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:
Քննարկվել են երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների, այդ թվում՝ Մաքսային միության վերաբերյալ հարցեր:
«Մեր հանդիպումը ԱՊՀ ֆորմատում է: Մենք քննարկել ենք նաև Մաքսային միությունը, և առհասարակ ինտեգրման գործընթացները: Հայատանն, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրանց մասնակցել: Մենք ևս կարծում ենք, որ դա կարևոր է, պարզապես պետք է գտնել համապատասխան համագործակցության անհրաժեշտ ձևաչափ»,- նշել է ՌԴ վարչապետը:
Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկելու ընձեռնված հնարավորության համար. «Մեր դիրքորոշումը հստակ է, այստեղ որևէ կասկած չկա, և մեր նախագահները ևս քննարկել են այդ թեման: Այժմ արդեն ամեն ինչ պետք է որոշել տեխնիկական մակարդակում, թե ինչպիսի տեմերով և քայլերով առաջ գնանք:
Քիչ առաջ հանդիպեցի Խրիստենկոյի հետ (Վ. Խրիստենկո – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար), քննարկել ենք նաև հուշագրի վերաբերյալ հարցեր, որ անհրաժեշտ է շտապ նախապատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել նախագահների հետ և ստորագրել: Եվ, իհարկե, այն աշխատանքը, որ մենք կատարեցինք Տնտեսական զարգացման նախարարության հետ մեր վերջին հանդիպումից հետո, շատ հետաքրքիր և կարևոր բանակցություններ էին մեզ համար:
Մենք ստորագրել են երկու արձանագրություն, հստակեցրել ենք խնդիրների շրջանակն ու ցանկը, թե ինչպես ենք շարժվելու առաջ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Տիգրան Սարգսյանը նաև Դ. Մեդվեդևին պատմել է «Ռոսատոմի» ղեկավարի հետ ունեցած հանդիպման մասին. «Կա լիարժեք ըմբռնում ատոմակայանի նոր բլոկի կառուցումը ֆինանսավորելու շուրջ»,- ասել է նա և հավելել. «Սկզբունքորեն մենք առաջ ենք գնում: Համաձայնությունն այսպիսին է. առաջին փուլում մենք կմտածենք
ատոմակայանի գործարկման ժամկետը երկարաձգելու մասին, իսկ երկրորդ փուլում՝ նոր բլոկի կառուցման մասին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում