Ծառայակցի կողմից սպանված կուրսանտի ընտանիքը ապրում է տնակում, սոցիալապես ծանր պայմաններում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այսօր առավոտյան այցելել են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նախօրեին սպանված Սիփան Մովսիսյանի հարազատներին: «Շատ ծանր վիճակ էր, շատ: Ծնողները ինստիտուտից ստացված հեռախոսազանգով են տեղեկացել դեպքի մասին: Սիփանի մորեղբայրը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին են տեղեկացվել դեպքի մասին: Հարազատները տեղեկություններ չհայտնեցին միջադեպի պատճառների մասին: Միայն մորեղբայրը հայտնել է, որ դիակը բերել են հունիսի 2-ի երեկոյան», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանը:
Սիփան Մովսիսյանի ընտանիքն ապրում է Վանաձորի ծայրամասային 3-րդ մաս կոչվող թաղամասում, տնակում (դոմիկ): Մեր զրուցակցի փոխանցմամբ, Սիփանի ծնողներն ամուսնալուծված են եղել, երեք տղաներն ապրել են մայրիկի ու տատիկի հետ: Սիփանի մյուս եղբայրը ծառայել է Հայաստանի զինված ուժերում և եղբոր մահվան կապակցությամբ, արձակուրդ է եկել` ազատվելով ծառայությունից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս. Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ աղբյուրի, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք: Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կատարվածի կապակցությամբ Պնախարար Սեյրան Օհանյանը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ժամանակ հայտարարել էր, որ նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա: