Նորաստեղծ ընդդիմադիր կառույցը ոչնչացնելու համար Ադրբեջանի իշխանությունը մոբիլիզացրել է ողջ ռեսուրսը
Ադրբեջանում նորաստեղծ ընդդիմադիր կառույցի՝ Ազգային խորհրդի ստեղծումը խիստ անհանգստացրել է այդ երկրի իշխանություններին: Ինչպես նշում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը, Ադրբեջանի իշխանությունները ամենայն լրջությամբ հետևում են Ազգային խորհրդի ստեղծման գործընթացին:
Մայիսի 27-ին, երբ Ազգային խորհրդի ստեղծման հետ կապված ընդդիմության կողմից քննարկումներ էին անցկացվում, դրան զուգահեռ իշխանության առաջնորդներն էլ հավաքվել էին նախագահի աշխատակազմում: Ըստ տեղեկությունների, Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները Ազգային խորհրդի հետ կապված տարբեր ծրագրեր են քննարկել և եկել են որոշման մոբիլիզացնել իշխանության ողջ ռեսուրսը՝ Ազգային խորհուրդը կարճ ժամանակում ոչնչացնելու և ցրելու նպատակով: Արդեն մայիսի 28-ին իշխանամետ ԶԼՄ-երը Ազգային խորհրդի դեմ արշավ են սկսել:
Թերթը նշում է, որ Ազգային խորհրդի կազմավորումից հետո Ադրբեջանի իշխանությունները շփոթմունքի մեջ են հայտնվել: Նրանք չէին հավատում նման լայն ֆորմատով կառույցի ստեղծվելուն, այդ պատճառով էլ նրանց դեմ արշավն ավելի կատաղի բնույթ է ստացել: Իշխանության վերահսկողության տակ գտնվող կուսակցությունների ղեկավարներին, հասարակական կառույցներին հանձնարարվել է հանդես գալ Ազգային խորհրդի դեմ ելույթներով: «Իշխանությունը նույնիսկ սկսել է պայթեցնել ընդդիմության ներսում եղած «ականները»»,- գրում է «Ազադլիգ»-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ուշ երեկոյան Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը Ազգային խորհուրդ ստեղծելու նպատակով համաձայնության են եկել: Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդին են անդամակցել ավելի քան 100 քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և մտավորականության ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու