Էրդողանը վիճաբանություն է սարքել լրագրողի հետ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն հրապարակավ բանավեճի է բռվել Ստամբուլում իր ասուլիսին ներկա «Ռոյթերս» գործակալության թղթակցի հետ, մեղադրելով վերջինիս գործակալությանն ու հանրությանը ապատեղեկացնելու մեջ: Այս մասին գրում է «Հուրիեթ» պարբերականը:
Մասնավորապես, թղթակից Բիրսեն Այթալի երկրում համատարած դժգոհության մասին ձևակերպմանն ի պատասխան, Էրդողանն ընդհատել է լրագրողին և կոչ արել չխոսել ողջ հասարակության անունից:
«Ի՞նչ չենք արել այս երկրի համար, որը կարող էր նման հետևանքների բերել», - հարցրել է Էրդողանը` նշելով, թե բողոքի ակցիաներն ուղղորդված բնույթ են կրում և քիչ առնչություն ունեն բնապահպանական խնդիրների հետ:
Լրագորղի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ բողոքական զանգվածը փողոց է դուրս գալիս այն պատճառով, որ վարչապետը թերագնահատել էր այդ մարդկանց ուժը, Էրդողանն ինքն է խորհուրդ հարցրել լրագրողից.
«Եթե կարող եք ինձ ասել, թե ինչպես պետք է վարվեի, այդպես էլ կանեմ», - ասել է վարչապետը:
Ավելին, Էրդողանը հայտարարել է, թե իրենք Թուրքիայի բնակչության 50 տոկոսից ավելիին, ովքեր ընտրություններին իրենց են աջակցել, մի կերպ են զսպել, որպեսզի նրանք փողոց դուրս չգան և չպաշտպանեն իր քաղաքականությունը, այլ կոչ են արել հանգստություն ցուցաբերել:
Պարբերականը նշում է, թե ասուլիսից հետո վարչապետի հետ բանավեճի մեջ մտած «Ռոյթերս»-ի թղթակցի բաժանորդների թիվը Թվիթեր սոցցանցում 195-ից դարձել 54,000:
Հիշեցնենք, արդեն 6-րդ օրը Թուրքիայում ընթացիկ ցույցերի և անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել: Բողոքի ակցիաներ են գրանցվել երկրի 67 քաղաքներում ու այլ բնակավայրերում, հիմնականում՝ Ստամբուլում և Անկարայում: Ոստիկանության հետ բախումների ընթացքում, վերջին տվյալների համաձայն, վիրավորվել է 530 մարդ, այդ թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ցուցարարների զանգվածային ակցիան, որն ի սկզբանե ծագել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի այգու վերակառուցման աշխատանքների դեմ, վերաճել է իշխող կուսակցության և վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի: