Հայաստանում անցկացվելու է գիտատուրիստական երկրորդ արշավը
Հայաստանում հունիսի 8-18-ն անցկացվելու է գիտատուրիստական երկրորդ արշավը` «Ճանաչիր հայրենիքը և պատմիր այդ մասին» խորագրով: Այս մասին ասուլիսում հայտարարեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։
Ըստ նրա, արշավախմբի հիմնական խնդիրներից մեկը երիտասարդական զբոսաշրջության զարգացումն է` ԱՊՀ երկրների երիտասարդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը աջակցելու նպատակով։ Ռ. Մինասյանի խոսքով, արշավախմբի հիմնական նպատակն է ճանաչել Հայաստանը: «Հայաստանը մշակութային հարուստ ժառանգություն ունի և աշխարհին կարող է ներկայացնել եզակի ցուցանմուշներ, հուշարձաններ, պատմություն»,- նշեց նա:
Արշավախումբը գնացքով անցնելու է Երևան-Գյումրի- Վանաձոր- Ալավերդի երթուղով, երկրորդ մասը` արշավախումբը անցնելու է զբոսաշրջային հիմնական երթուղիներով: Մասնակցում են 130 հոգի Հայաստանից ու Ռուսաստանից:
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նման միջոցառում անցկացնելու նպատակն է ճանաչել հայրենիքը: Նա կարևորեց, որ հենց երիտասարդները ճանաչեն իրենց հայրենիքը, ինչն էլ ուղղված են նման միջոցառումները:
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը վստահություն հայտնեց, որ այս միջոցառումը իր հերթին կնպաստի ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև հարաբերությունների ամրապնդմանը: Ըստ նրա, բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունը, օրենսդիր մարմինների միջև ընթացող ինտենսիվ համագործակցությունը էլ ավելի կամրապնդվի հենց երիտասարդների համագործակցության շնորհիվ:
Նորանշանակ դեսպանը նշեց, որ Հայաստանը գեղեցիկ երկիր է` ունի հարուստ մշակույթ. «Ես անպայման լինելու եմ Հայաստանի բոլոր անկյուններում, քանի որ լինելով մի երկրում ու չծանոթանալով մշակույթին, պատմությունը, չտեսնել այն գեղեցկությունները, որ կան այդ երկրում, ճիշտ չէ»:
Նշենք, որ գիտատուրիստական արշավն իրականացում է Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի և ՏՌՄԱ մասնաճյուղի` Տուրիզմի հայկական ինստիտուտի կողմից: Առաջին արշավն իրականացվել է 2012-ի սեպտեմբերի 30–ից մինչև հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում։ Նպատակն է բացահայտել հայկական տուրիստական ներուժը և աջակցել այդ ոլորտի լիարժեք զարգացմանը: Երթուղին ընդգրկել է ողջ Հայաստանը` հյուսիսից մինչև հարավ։