Դ.Հարությունյանը հավատում է ոչ թե Մշակույթի նախարարին, այլ աչքի տեսածին. Սանահինում 18 մլն ծախսել եք, բայց...
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի «սիրտը ցավում է հուշարձանների համար», բայց նա նաև նեղսրտում է, որ թեև բոլոր հայերինն էլ ցավում է, բայց դրանց պահպանումը կարծես միայն մեկ մարմնի` Մշակույթի նախարարության գործառույթը լինի ու քչերն են ասում, թե այս կամ այն բանով կարող են օգնել: Այս դժգոհությունը տիկին նախարարը արտահայտեց ԱԺ-ում 2012թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի բարձրացրած հարցին ի պատասխան, թե ի՞նչ ծրագրեր են նախատեսված Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման համար:
«Ըստ օրենքի, հուշարձանի սեփականատերը պետք է պահպանի տվյալ հուշարձանը: Բայց մենք չենք կարող ասել, թե, ասենք, Սանահինը կամ Գառնին պետական չեն, և չենք միջամտի: Իր հնարավորության սահմաններում պետությունն աջակցում է, ավելին` իմ մոտ այնպիսի կարծիք է ձևավորվել, որ պետության մասնակցությունը անհրաժեշտ է «սայլը տեղից շարժելու»,- նշեց նա:
Դժգոհությունը հայտնելուց հետո նա անդրադարձավ պատգամավորի բուն հարցին, տեղեկացնելով, թե անցյալ տարի սկսել են Սանահինի հուշարձանի հիմնահարցերի լուծման գործընթացը և հերթականությամբ, հավաստիացրեց նա, մնացածն էլ լուծվելու է: Մասնավորապես, շտապեց ավելացնել նա, այս տարի կսկսվի Գեղարդի վանքի վերանորոգումը. Միայն ֆինանսները չէ, որ խոչընդոտում են Մշակույթի նախարարության բարի ցանկությունների իրագործմանը:
Հասմիկ Պողոսյանն ասաց, որ հուշարձանների վերանորոգման ոլորտում, օրինակ, առկա է նաև մասնագետների պակաս, ինչը փորձում են շտկել իտալացի մասնագետների հետ համագործակցությամբ.«Պետք է հաշվի առնենք նաև այն, որ ժամանակի ահռելի կորուստ ենք ունեցել` ԽՍՀՄ-ի փլուզումից մինչ 2005թ-ը մշակութային ժառանգության պահպանման ծրագրեր չեն եղել, իսկ դրանից հետո մի շրջան էլ բավական անորակ են եղել, քանի որ մասնագետների պակաս կար: Բայց այսօր ամեն ինչ կամաց-կամաց մտնում է նորմալ հունի մեջ ու ըստ վերանորոգման հրատապության`բոլորն էլ վտանգված վիճակից կբերվեն կայուն մասի վիճակի»,- հայտարարեց նա:
Սակայն Դ.Հարությունյանը նախարարի ելույթի ավարտին ասաց` «աչքիս տեսածը մի քիչ տարբերվում է ձեր նշած պատկերից: Օրինակ, 18 մլն Սանահինում ծախսել եք, բայց ամեն տարի հուշարձանի վրա աճող ծառերը հսկայական գումարներ են տանում»: Նախարարը, սակայն, հակված չէր համաձայնելու ՀՀԿ-ական պատգամավորի հետ:
Ի վերջո Դավիթ Հարությունյանը, մատնանշելով, որ հարցը շատ կարևոր ու հրատապ է, առաջարկեց խորհրդարանական լսումներ անցկացնել, իսկ նիստը նախագահող ԱԺ կրթության և գիտության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ ասաց, որ լսումները կանցկացվեն արտագնա նիստում, հենց Սանահինում: Հ.Պողոսյանը, բնականաբար, դեմ չարտահայտվեց ու անգամ նշեց, որ նախարարությունը շահագրգիռ է այդ քննարկումն անցկացնելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները