Իրանի ԱԳՆ. Հուսով ենք, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի առանց բռնությունների
«Հուսով ենք, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի առանց բռնությունների»:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին, մասնավորապես պատասխանել է. «Մեր կարծիքով, դա Թուրքիայի ներքին խնդիրն է, և հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունների ուշիմության շնորհիվ խնդիրը կլուծվի խաղաղ պայմաններում՝ առանց բռնությունների»:
Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակի պատճառով Անկարան Սիրիայի հարցում փոխի իր դիրքորոշումը, Արաղչին պատասխանել է. «Ինչպես արդեն ասացի, դա Թուրքիայի ներքին խնդիրն է»:
Հիշեցնենք, արդեն 6-րդ օրը Թուրքիայում ընթացիկ ցույցերի և անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել: Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի հաղորդմամբ, ձերբակալվածների մեծամասնությունն ազատ են արձակվել հարցաքննությունից հետո:
Բողոքի ակցիաներ են գրանցվել երկրի 67 քաղաքներում ու այլ բնակավայրերում, հիմնականում՝ Ստամբուլում և Անկարայում: Ոստիկանության հետ բախումների ընթացքում վիրավորվել է 58 քաղաքացի ու 115 իրավապահ: Ցուցարարների զանգվածային ակցիան, որն ի սկզբանե ծագել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի այգու վերակառուցման աշխատանքների դեմ, վերաճել է իշխող կուսակցության և վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում