Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունը կախված է նախաքննության արդյունքներից. ՀՀԿ-ական պատգամավոր
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով, Գորիսում տեղի ունեցած վիճաբանությունը և դրա հետևանքով Ավետիք Բուդաղյանի սպանության փաստը տհաճ է: «Ես գիտեմ, որ հետաքննություն է գնում, ոչինչ ասել չեմ կարող, որովհետև այն, ինչ կարդացել եմ… միայն տեղեկացված եմ մամուլից, իսկ դա ինձ համար բավարար չէ, որպեսզի կարողանամ կարծիք արտահայտել: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն անպայման ամեն ինչ կքննարկեն, մեր դատին կներկայացնեն և նոր միայն որևէ մեկնաբանություն կարող ենք անել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը` նկատելով, որ Սյունիքի մարզպետի հետ չի խոսել դեպքի մասին:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է Սյունիքի մարզպետը հրաժարական տա, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Եթե լինեն լուրջ հիմքեր և պարզվի, որ մարդը օրենք է խախտել, ես բացառում եմ, որ որևէ մեկը չպատժվի»:
Մեր դիտարկմանը, թե նախաքննության տվյալներով, մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, կասկածվում է սպանություն կատարելու համար և արդեն ձերբակալվել է, ՀՀԿ-ական պատագամավորն արձագանքեց. «Տեսնում եք, եթե որդին ձերբակալված է, մեղավոր է, ուրեմն ձերբակալությունն արդեն իսկ քայլ է և նշանակում է, որ մենք պետք է սպասենք, տեսնենք` հետագայում ինչ կլինի»:
Այսինքն` Սյունիքի մարզպետի հրաժարականը կախված է նախաքննության արդյունքների՞ց, մեր հարցին, խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորը պատասխանեց. «Այո, իհարկե, կախված է նրանից, թե ինչքանով է մարդը օրենք խախտել: Շատ տհաճ իրավիճակ է, և չէի ուզենա, որ նույնիսկ ոչ մեր կուսակցությունից մարդ հայտնվեր այդպիսի իրավիճակում, որովհետև դժբախտություն է, մարդ է զոհվել: Բայց իրականում մինչև իրավապահ մարմինները դիրքորոշում չհայտնեն, ոչինչ պարզ չի կարող լինել»:
Նշենք, որ Գորիսում, Սուրիկ Խաչատրյանի (լիսկա) տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվել էր և տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Իսկ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավո Բուդաղյանը, ով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր, նույն վիճաբանության ժամանակ ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր: Հրազենային վնասվածք էր ստացել նաև դեպքի վայրում եղած Խաչատրյանի թիկնապահ 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը, ով նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել է զինվորական դատախազություն: Այդ քրեական գործի շրջանակներում այս պահին կա երկու ձերբակալված` Սուրիկ Խաչատրյանի թիկնապա Զարզանդ Նիկողոսյանը և մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը:
Հարակից լուրեր. Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է
Գլխավոր դատախազությունը` Գորիսում տեղի ունեցած սպանության մասին