Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմում այս պահին չկա
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի դիմում այս պահին չկա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ Սյունիքի մարզպետի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի ժամ: Խոսակցությունները հետևեցին հունիսի 1-ին` կեսգիշերին մոտ նրա տան մոտ կատարված սպանությանը:
Դեպքի կապակցությամբ գլխավոր դատախազությունը հրապարակել է, հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի Դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս 2 անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ:
Ըստ աղբյուրի, նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, 02.06.2013թ. որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած վիճաբանության և դրա հետևանքով Ավետիք Բուդաղյանի սպանության փաստից հետո «Facebook» սոցիալական ցանցում մի խումբ ակտիվիստներ պահանջում են Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:
«Լիսկան իր մյուս հանցագործ կուսակիցների ու իշխանության շակալների հետ միասին վաղուց թալանում է մեր պետությունը, ստեղծում ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտ, պետության հիմքը քայքայող ընտրակեղծարարությամբ զբաղվում: Ցավալի դեպքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռեժիմի այս հենասյուներից մեկը, երկար տարիներ մնալով անպատիժ, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների կյանքին է սպառնալիք այլ պետության անվտագությանը (արոտավայրերի հարցը, Ռուսաստանի հետ համատեղ ռուսական դպրոց բացելու հարցը, որոնք բարեբախտաբար կանխվեցին): Ուստի ՀՀ քաղաքացիներս պահանջում ենք Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) ազատել մարզպետի պաշտոնից և քրեական գործ հարուցել...», -ասված է ակտիվիստների հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում