Պետությունը պետք է իր ուշադրությունը սևեռի այընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործմանը. Միխայիլ Մարտիրոսյան
Վերջին 15 տարիների ընթացքում պետությունը շատ քիչ ուշադրություն է դարձրել այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, մինչդեռ այսօր եկել է պահը, երբ հանրությունը սկսել է մտածել, թե արդյոք հեռանկարային են այն աղբյուրները, որոնցից օգտվում է Հայաստանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահ, «Տեխնո Էկո» ՍՊԸ-ի ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով` ի տարբերություն արտասահմանի, Հայաստանում այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը գրեթե տարածում չունի: «Գազի գինը գնալով թանկանալու է, և եթե գազի գինը լինի եվրոպականին համապատասխան, ապա չեմ ուզում կանխատեսել, թե էներգետիկ իրավիճակը Հայաստանում ինչի կհասնի»,- նշեց նա:
Մ.Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում այսօր կան հիդրոկայաններ, որոնք բավարարում են ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրանքի 30%-ը, այդքան էլ կազմում է ատոմակայանը: Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երին, ապա հանրապետությունում գործող 136 ՀԷԿ-երը տարեկան արտադրում են մոտ 665 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:
«Եթե մնացած ՀԷԿ-երն էլ շահագործման հանձնվեն, ապա մեր հաշվարկներով Հայաստանում տարեկան կարտադրվի 1 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Բայց նկատենք, ավելի շատ պետք է ուշադրություն դարձվեր էկոլոգիային և այդքան ՀԷԿ-ի լիցենզիաներ չպետք է տրամադրվեին: Դրա համար անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել արևի, քամու էներգիայի օգտագործմանը»,- ասաց Մ.Մարտիրոսյանը:
Ըստ նրա` Հայաստանում առաջին հերթին պետք է ներդնել արևային ջրատաքացուցիչների համակարգը, որոնք օգտագործման համար հարմար են, բացի այդ, արևային համակարգերը` որպես արևային էներգիայի ընդունիչ, ավելի էֆեկտիվ են: «Օրինակ` Գերմանիան Ֆուկուսիմայի ատոմակայանի ռեակտորի պայթունից հետո որոշում է կայացրել ատոմակայանները տարիների ընթացքում փակել և ռեսուրսներն ուղղել այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացմանը»,- նշեց նա:
Հայաստանում էներգետիկ ծառայություններ մատուցող ասոցիացիայի նախագահը հայտնեց նաև, որ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում գործող «Տեխնո Էկո» ընկերությունը արտադրում է արևային ջրատաքացուցիչներ և վերջին 10 ամսվա ընթացքում վաճառքի ծավալները հասել են 10 մլն դրամի, ինչը , ըստ նրա, այդքան մեծ թիվ չէ: «Պետությունը պետք է իր ուշադրությունը սևեռի այընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործմանը, քանի որ գազի գինը գնալով թանկանալու է, ժողովուրդն էլ վճարունակ չէ, ինչը լուրջ խնդիրներ առաջ կկանգնեցնի մեզ»,- ասաց Մ.Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան