Ռազմական ինստիտուտի պետի հրաժարականի դիմումը կքննարկվի ծառայողական քննությունից հետո
Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները ճշտելու համար ծառայողական քննություն է իրականացվում, ինչից հետո կքննարկվի ինստիտուտի ղեկավարի հրաժարականի դիմումը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին դեպքից անմիջապես հետո:
«Մարդը այդքան բարոյականություն է ունեցել ինքնակամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը կքննարկվի ծառայողական քննությունից հետո»,- նշեց Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս. Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել Ս.Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ աղբյուրի, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի և Ս.Մովսիսյանի միջև առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ և պատճառել հրազենային մարմնական վնասվածք: Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կատարվածի կապակցությամբ Պնախարար Սեյրան Օհանյանը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ժամանակ հայտարարել էր, որ նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա:
Նախորդող հրապարակում. Ռազմական ինստիտուտում սպանություն է տեղի ունեցել. Պնախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները