Այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Նոր անուններ» փառատոնի գլխավոր հովանավորն է
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնի բացումը, որը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան): Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, փառատոնի հանդիսավոր բացման ընթացքում պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան):
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցելու է մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: