«Մագնիտսկու օրենքը», հնարավոր է, տարածվի նաև Ադրբեջանի վրա
Չնայած «Մագնիտսկու օրենքը» տարածվում է միայն Ռուսաստանի վրա, սակայն խոսակցություններ կան, որ նման օրենք կարող է տարածվել նաև Ադրբեջանի վրա: Այս մասին «Voice of America»-ի ադրբեջանական ծառայությանը տրված հարցազրույցում ասել է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Քրամերը: Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը անհանգստացած է Ադրբեջանում առկա իրավիճակով: «Մենք շահագրգռված ենք, որ Ադրբեջանը զարգանա ժողովրդավարացման ուղղությամբ: Ափսոս, որ Ադրբեջանը շարժվում է հակառակ ուղղությամբ»,- ասել է «Freedom House»-ի ղեկավարը:
Քրամերը հայտարարել է, որ Ադրբեջանում ընդդիմադիրների և հասարակական ակտիվիստների ձերբակալություններն ու ճնշումները կապված են Ադրբեջանում առաջիկայում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ. «Նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր գործիչների և հասարակական ակտիվիստների ձերբակալություններն Ադրբեջանին ոչ մի լավ բան չեն խոստանում, և դա խիստ անհանգստացնող է: Այդ ճնշումներն Ադրբեջանում աննախադեպ չափերի են հասել: Հուսով եմ, որ այս ամենին վերջ կտրվի, քանի որ նման վերաբերմունքն անցանկալի հետևանքներ կարող է ունենալ»: Քրամերը նշել է, որ Ադրբեջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը տարեցտարի ավելի է վատթարանում՝ խոստանալով խնդիրն անդրադառնալ հերթական զեկույցներից մեկում:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում հրապարակված «Մագնիտսկու ցուցակը» պատժամիջոցներ է նախատեսում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Ի հեճուկս կանխատեսումների, հրապարակված անձանց ցանկում բացակայում են ռուս պաշտոնյաներ, ցուցակում առկա է 18 անուն, որոնցից 16-ն, ըստ ամերիկյան կողմի, ուղղակիորեն պատասխանատվություն է կրել ռուս իրավաբան ու իրավապաշտպան, «Hermitage Capital» հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու՝ բանտում չբացահայտված հանգամանքներում վրա հասած մահվան փաստի հետ: Ռուսաստանի Դաշնության արտգործնախաարությունն` ի պատասխան այդ ցանկի, նույն օրը հրապարակել էր ՌԴ մուտքն արգելված անձանց՝ 18 ամերիկացիներից բաղկացած իր ցուցակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու