Ն.Զոհրաբյան. Եվրանեսթը դեռևս հակադրում է Ադրբեջանին
«Եվրանեսթում քննարկված որոշ զեկույցներում տեղ էին գտել Ադրբեջանի, Վրաստանի և մի շարք եվրոպացի պատգամավորների առաջարկներ, որոնք հակասում էին մեր շահերին: Եվրանեսթից առաջ ԵԺԿ խմբակցության նիստի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց , ըստ որի այդ կողմերը հետ են կանչել իրենց առաջարկները, որոնք հակասում են Հայաստանի շահերին »,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը` ներկայացնելով մայիսի 27-29-ը Բրյուսելում կայացած Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների մանրամասները:
Վերջին պահին, նրա խոսքով, ադրբեջանցիները օրակարգ մտցրեցին նաև Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման մասին բանաձևի մի նախագիծ, որը անակնկալ է եղել մեր պատվիրակության համար: Ա.Զաքարյանը նշեց, որ այն ամբողջությամբ հագեցած է եղել «օկուպանտ», «օկուպացիա» թերմիններով. «Մենք դեմ էինք այս հարցի քննարկմանը, որովհետև ադրբեջանցիները Եվրանեսթի հարթակը ևս փորձում են դարձնել հակահայ քարոզչության համար: Եվ մեզ հաջողվեց բանաձևը դուրս բերել քննարկման օրակարգից»,- տեղեկացրեց նա:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եվրանեսթի հաջորդ լիագումար նիստը կգումարվի Հայաստանում 2014թ-ի աշնանը:
«Բնականաբար Ադրբեջանը ցանկացած հանձնաժողովի քննարկում, ցանկացած բանաձև փորձում է ներկայացնել իրենց խեղաթյուրված պատկերացումներով Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- Եվրանեսթ քաղաքական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` ավելացնելով, որ Եվրանեսթում դեռևս հակադրում են Ադրբեջանի փորձերին խեղաթյուրել իրականությունը.
«Ի պատիվ մեր պատվիրակության աշխատանքի և եվրոպառլամենտի մի շարք պատգամավորների, որոնք քաջ գիտակցում են իրականությունը, մենք բավականին լավ արդյունքներ գրանցեցինք»,- հավելեց պատգամավորը:
Ադրբեջանը փորձ է արել իր առաջարկները ներառել նաև սոցիալական հարցերի հանձնաժողովում բանաձևի քննարկման ժամանակ, որը վերաբերում էր աղքատության խնդրին:
Պատվիրակության անդամ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները իսկապես ամեն հարթակ ու քննարկվող հարց ուզում են հարմարեցնել իրենց, անգամ եթե քննարկվող հարցը որևէ կապ չունի տարածքների, հակամարտության հետ.
«Ադրբեջանցիները անգամ այդ դեպքում փորձում են կապ գտնել ու խոսել խեղաթյուրված փաստերից»,- նշեց Է.Վարդանյանը: