«Դուք մեկ երեխայի մասին եք մտածում, ես 15 հազարի». Աշոտյանը` դիմորդների ծնողներին
«Դուք մեկ երեխայի մասին եք մտածում, ես 15 հազարի»,- այս մասին այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննակենտրոնի շուրջ հավաքված դիմորդների ծնողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու համար հայտագրվել է 9000 դիմորդ:
Նախարարը մոտենալով դրսում սպասող ծնողներին, նրանց հետ քննարկեց ընդունելությանը վերաբերող մի շարք հարցեր: Ծնողներին հատկապես մտահոգում էր շտեմարաններում առկա բարդ հարցերն ու ոչ հստակ ձևակերպումները: Ա.Աշոտյանը ծնողներին վստահեցրեց, որ խնդիրների դեպքում որոշումը կկայացվի հօգուտ դիմորդի: «Եթե այսքանից հետո լինեն ինչ-որ առաջադրանքներ, որոնք դուրս կլինեն ծրագրից, ապա մասնագիտական քննարկման արդյունքում որոշումը կկայացվի հօգուտ դիմորդի; Այսօրվա քննությունը ավելի հեշտ է լինելու, քան դուք մտածում եք»,- ասաց նա` հավելելով, որ դրական միավոր ստացած բոլոր դիմորդները կընդունվեն բուհ: Իրականում, ըստ նրա, հատկացված տեղերն ավելի շատ են, քան դիմորդների թիվն է:
Ծնողներից մեկն էլ նախարարին առաջարկեց կազմել մի քանի ծնողներից կազմված դիտորդական խումբ, որը սկզբից մինչև վերջ ներկա կլինի քննությանը: Սակայն Ա.Աշոտյանն ասաց, որ նման փորձ երկու տարի առաջ արել են, ինչը ավելորդ խոսակցությունների պատճառ է դարձել: «Ավելորդ խոսակցություններ են, մտեք, հերթով նայեք, դուրս եկեք, այդպես ավելի ճիշտ է, քան 4-5 ծնող գնան սկզբից մինչև վերջ մնան այնտեղ»,- նշեց նա:
Հարցեր հնչեցին նաև ուսման վճարների մասին: Ծնողները դժգոհեցին, որ վարձերի բարձրացման մասին հայտարարվել է մեկ ամսի առաջ, մինչդեռ դրա մասին պետք է նախօրոք`սեպտեմբերին հայտարարեին, որպեսզի իրենք կողմնորշվեին` կարող են այդքան գումար տրամադրել կրթության համար, թե ոչ: «Ուսման վճարների բարձրացումից առաջ պետությունը առաջին հերթին պետք է մեր աշխատավարձերը բարձրացնի, որպեսզի կարողանանք երեխաներին կրթության տալ»,- ասաց ծնողներից մեկը:
Այդուհանդերձ, ծնողների սպասելիքները մեծ են. գրեթե բոլորը վստահ են, իրենց երեխան ընդունվելու է բուհ: Գայանե Քոչարյանի խոսքերով` իր երեխան դիմել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետ, սպասելիքները մեծ են, սակայն վստահ չէ, որ անվճար կընդունվի: «Խելացի երեխա ունեմ, երկու տարի էլ պարապել է, վստահ եմ, որ ընդունվելու է, բայց չեմ կարծում, որ անվճար կընդունվի, քանի որ արևելագիտության ֆակուլտետում անվճար ընդամենը 5 տեղ է հատկացված: Ցանկությունս մեկն է, որ երեխան ընդունվի այնտեղ, որտեղ նշել է առաջին հայտով»,- նշեց նա:
Նշենք, որ 2013-13 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 15 000 դիմորդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա