Ա.Դավթյանը համակարծիք է Աշոտյանի հետ. Դա կլինի փոքրիկ անցք և ոչ թե լայն բացված դուռ, ինչպես որ այսօր է
Դեռևս առարկայական որևէ բան, մասնավորապես` օրենսդրական փոփոխություն համապատասխան օրենքում, որով կիրականացվի տարկետման իրավունքի վերացման գործընթացը, չկա: Այս մասին Panorama.am-ին ասաց ԱԺ Կրթության, գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մեկնաբանելով մեր այն հարցը, թե արդյո՞ք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հայտարարությունն արդեն հիմքեր ունի:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Աշոտյանը հայտարարեց` «իր խորին համոզմամբ տարկետման իրավունքը պետք է վերացվի բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում»:
«Ես համաձայն եմ պարոն Աշոտյանի հետ, որովհետև տարկետման իրավունքը շատ հաճախ ուղղակի օգտագործվում է ոչ ի նպաստ կրթության, գիտելիքի և որակյալ մասնագետների: Եվ այն, ինչ ասել է նախարարը այս կապակցությամբ, ես լիովին համակարծիք եմ»,- նշեց Ա.Դավթյանը` հստակեցնելով, որ այս պահի դրությամբ դեռևս նման օրենսդրական նախաձեռնություն չկա, բայց համապատասխան քննարկումների փուլ անցնելուց հետո, համոզմունք հայտնեց նա, անպայման կլինի նաև նախաձեռնությունը:
Այլ կերպ ասած, Արտակ Դավթյանը վստահ է, որ նախարարի հնչեցրածը լոկ խոսքեր չէին:
Պատասխանելով այն հարցին, որ թեև այդ համակարգը իսկապես կոռուպցիոն ռիսկեր պարունակում է` բանակ գնալ-չգնալու խնդիրը որոշների համար ուղի է հարթում դեպի ասպիրանտուրա, բայց արդյո՞ք տարկետման իրավունքի վերացումը չի վնասի այն երիտասարդներին, որոնք իսկապես ուզում են զբաղվել գիտությամբ, մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, թե չունի նման մտավախություն.
«Կարծում եմ, որ չի խանգարի, որովհետև օրենքը ևս դրույթ նախատեսում է այդ կարգի սովորողների համար և նրանք, ովքեր կունենան համապատասխան տաղանդ ու ունակություններ, նրանց համար այդ իրավունքը կպահպանվի: Իհարկե, հասկանալի է, որ արդեն ավելի քիչ անձանց դա կվերաբերի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ այդ որոշումը արդեն կլինի «փոքրիկ անցք և ոչ թե լայն բացված դուռ, ինչպես որ այսօր է» և մեծապես կնպաստի բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք որ առաջ է քաշում տարկետման իրավունքի համակարգը:
Նախորդիվ`
Ա.Աշոտյանն առաջարկում է հանել տարկետման իրավունքը. Դրա ժամանակն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում