«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության ընթացքում տհաճ անակնկալներ չեն լինի. խոստացել են թեստերի հեղինակները
Հայաստանում այսօր մեկնարկել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը, որին մասնակցելու համար հայտագրվել է 9000 դիմորդ: Հայաստանի Հանրապետությունում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 36 քննական կենտրոն:
Այսօր առավոտյան Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջեց քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ: Նախարարը նախ ողջունեց դիմորդներին, ապա` հերթով մոտեցավ, հետաքրքրվեց, թե ով որտեղ է դիմել, ինչպես է պատրաստվել և ինչ տրամադրություն ունի:
Թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված երեք քննասենյակներում քննություն էր հանձնում 258 դիմորդ, սակայն նախապես հայտարարագրված էր 276 դիմորդ:
Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շտեմարանների հետ կապված մասնագիտական վեճեր են ծավալվել և նախապես տասնյակից ավելի առաջադրանքներ անվավեր են ճանաչվել: «Թեստերի հեղինակները մեզ հավաստիացրել են, որ այս քննության ընթացքում չեն լինելու տհաճ անակնկալներ, ծուղակային, ծրագրից դուրս հարցադրումներ, կրկնակի պատասխաններով թեստեր: Եթե որևէ բան այնպես չեղավ, բնականաբար, մասնագիտական քննարկումների արդյունքում որոշումները կայացվելու են բացառապես հօգուտ դիմորդների»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարը հույս հայտնեց, որ քննությունները հանգիստ կընթանան: «Ես չեմ ասում, որ այսօրվա քննությամբ դիմորդները կհաղթահարեն քննաշրջանի ամենակարևոր փուլը: Ավանդաբար հայոց լեզվի քննությունը ամենասպասված և անհանգստություն առաջացնող քննությունն է, քանի որ գրեթե բոլորը այն հանձնում են: Դա բարդ առարկա է, իսկ հաջորդ նման բարդության կլինի մաթեմատիկայի քննությունը»,- նշեց Ա.Աշոտյանը:
Ըստ նախարարի` այս տարի ավելացել է շրջանավարտների հոսքը դեպի ուսումնարաններ և քոլեջներ: Բացի այդ, նոր «խաղացողներ» են հայտնվել այս դաշտում, մասնավորապես, Ամերիկյան համալսարանը, որն այս տարվանից բակալավրի ծրագիր է իրականացնում: Այդունահանդերձ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծ մրցույթ է ԵՊՀ-ում` իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում, տնտեսագիտական համալսարանում, ինչպես նաև բժշկական համալսարանում, որտեղ 1000-ից ավելի դիրմորդ կա: «Երևի նախարարի բժիշկ լինելու հանգամանքը դրական է ազդում այդ դիմորդների վրա»,- կատակեց նախարարը և հավելեց, որ իրականում, բժշկական համալսարանում ուսման վարձը բավականին թանկ է` հասնում է 1 մլն դրամի, սակայն, կարծում է, որ բժիշկների ապագան խուստումնալից է, քանի որ կայացած լավ բժիշկը կունենա բարձր աշխատավարձով աշխատանք:
Նշենք, որ 2013-13 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 15 000 դիմորդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները