Արվեստագետ. Մինչև ե՞րբ ենք լռելու (Տեսանյութ)
«Երկրում մթնոլորտը կրիմինալ է: Կարող է նման սպանություններ լինեն և ինստիտուտներում, և մանկապարտեզում, քանի որ մթնոլորտն է այդպիսին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` խոսելով հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ինչ որ ծաղրածու դարձել է մարզպետ: Պարտադիր չէ, որ ծաղրածուն ուրախացնի մարդկանց, այլ նա իր կերպարով է ծաղրածու: Նայեք Սուրիկ Խաչատրյանի դեմքին ու մի կարգին բառ չեք կարող գտնել այնտեղ»,- ասաց նա:
Նրա համոզմամբ, հենց այսօր Ս. Խաչատրյանը պետք է ձերբակալվեր, քանի որ իր տարածքում է կատարվել սպանությունը, հարազատ որդին է արել:
Ռ. Բաբայանը նշեց, որ արդեն հարցերն այդպես են սկսել լուծել, ընդ որում` տնտեսական: Ռ. Բաբայանի դիտարկմամբ, այժմ հանքերի համար կռիվ է գնում: Նրա խոսքով, Հայաստանում գործում է հետևյալ սկզբունքը. «Ես պետք է հասնեմ իշխանության, որպեսզի օրենքը շրջանցեմ»:
Երգիչ-երգահան Վահան Արծրունին էլ ասաց, թե երկիրը կառավարելու համար խելք, թիմ, ունակություն է պետք. «Մեր երկիրը երբեք չի կառավարվել. յուրանքաչյուր կառավարման հիմքում օրենքն է, օրենքը պետք է գործի, որպեսզի բոլոր լծակներն աշխատեն: Հայաստանում կառավարման կրիզիս է: Վաղուց սպառել են իշխելու հնարավորությունը, բայց ամեն գնով փորձում են պահել իշխանությունը»: Արվեստագետը հարցադրում արեց` «մինչև ե՞րբ ենք լռելու: Որտե՞ղ է այդ սահմանը, ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեզ ճիշտ դրսևորենք»: Ըստ նրա, սա շատ բարդ խնդիր է ու շատերը որպես խնդրի լուծում տեսնում են ճամպրուկները:
Ըստ Ռ. Բաբայանի, երկրի վիճակը պետք է փոխվի հեղափոխական կերպով, քանի որ նման երկրներում որևէ փոփոխություն ընտրությունների միջով չի կատարվում: Ըստ նրա, երեք տարբերակ կա` կամ արաբական գարուն, որը մեր պարագայում ահավոր հետևանքներ կարող է ունենալ, կամ վերևից կտրուկ փոփոխություններ են արվում, կամ վերականգնել Սովետական Միությունը` լինել ձևականորեն անկախ երկիր, բայց բոլոր հարցերը լուծվեն Կրեմլում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան