Ադրբեջանում Էրդողանին թուրքի պատիվը ոտնահարող «վրացու ձագ» են անվանել
«Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները թուրք ազգի գլխին պատուհաս դարձած «վրացու ձագ» Ռեջեփ Թայիբ Էրդողանին հասցված դիպուկ ապտակ էր»: Այս մասին «Veteninfo.az» կայքին տրված հարցազրույցում հայտարարել է «Ադրբեջանի բարեկամները» միության ղեկավար Էլման Մուստաֆազադեն` մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները:
«Տասը տարուց ավելի վրացու ձագ Էրդողանը թուրք ազգի պատվի հետ է խաղում: Նա թուրք զինվորների գլխին պարկ հագցրեց՝ ազգը չխոսեց, թուրք գեներալներին բանտերը նետեց` ազգը կրկին բան չասաց: Աթաթուրքին վիրավորեց, Քիրքուկը, Մոսուլը վաճառեց, Իրաքում թուրքերին անպաշտպան թողեց՝ ազգը կրկին լռեց: Վրացու ձագը կարծում է, որ Թուրքիայում ամեն ազգ իրավունքներ ունի, բացի թուրքերից: Նա ոտնահարեց թուրք ազգին` կարծելով, թե թուրք ազգը պատիվ չունի: Ուշքի արի, վրացու ձագ Ռեջեփ Թայիբ Էրդողան: Մի մոռացիր, որ եթե թուրքի համբերությունը վերջանա, 100 հազար Ֆաթուլլահ Գյուլեն էլ լինեն, չեն կարող քեզ օգնել: Քեզ հասցրած այս ապտակը թող թուրք ազգի կողմից զգուշացում լինի», -հայտարարել է Էլման Մուստաֆազադեն:
Հիշեցնենք, որ արդեն 6-րդ օրը՝ Թուրքիայում ցուցարարների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 1700 մարդ է ձերբակալվել: Բողոքի ակցիաներ են իրականացվել երկրի 67 քաղաքներում ու այլ բնակավայրերում, հիմնականում՝ Ստամբուլում և Անկարայում: Ոստիկանության հետ բախումների ընթացքում, վերջին տվյալների համաձայն, վիրավորվել է 530 մարդ, այդ թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ցուցարարների զանգվածային ակցիան, որն ի սկզբանե ծագել էր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում գտնվող Գեզի այգու վերակառուցման աշխատանքների դեմ, վերաճել է իշխող կուսակցության և վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջի:
Նշենք նաև, որ Ֆաթուլլահ Գյուլեն «Նուռ» կրոնական-փիլիսոփայական շարժման առաջնորդն է: Լինելով մեդիամագնատ՝ նա նաև հսկայական արդյունաբերական և ֆինանսական կազմակերպություններ ունի ողջ աշխարհում:
1998 թ նրան մեղադրել են Թուրքիայում աշխարհիկ կարգը տապալելու փորձերի մեջ: Այդ ժամանակ էլ պատժից խուսափելու նպատակով նա մեկնել է ԱՄՆ: Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո բոլոր մեղադրանքները նրա վրայից հանվել են: Ռեջեփ Թայիբ Էրդողանին և ընդհանուր առմամբ Արդարություն և զարգացում կուսակցությանը մեղադրում են Ֆաթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:
Նախորդիվ`Թուրքիայում ամառը թեժ է լինելու. քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու