Եթե բոլոր ուժերը գործնական քայլեր ձեռնարկեին, գյուղացիների խնդիրները հնարավոր կլիներ լուծել շատ ավելի կարճ ժամկետում
Անդրադառնալով Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերում տեղացած կարկուտի արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասին` «Голос Армении»-ն նշում է, որ առանց կարկուտի վնասների էլ այս մարզերում աղքատությունը 45% է կազմում. «Հայաստանը աղքատ երկիր է, որտեղ կան միլիարդատերեր և միլիոնատերեր, որոնց քանակությունը շարունակում է աճել: Հայաստանը աղքատ երկիր է, որտեղ շատ հեշտ է գերշահույթ ստանալ` շրջանցելով գործող օրենքները: Եթե իշխանությունը կարողանար ստվերից դուրս բերել նմանատիպ տնտեսական միավորների գոնե մի մասը, ապա վնասված գյուղատնտեսությանը հնարավոր կլիներ շատ ավելի մեծ աջակցություն ցույց տալ»,-գրում է թերթը` հավելելով. «Եթե Հայաստանի ընդդիմությունը պոպուլիզմով զբաղվելու և «ինչքան վատ, այնքան` լավ» տրամաբանությամբ շարժվելու փոխարեն զբաղվեր քաղաքացիների իրական խնդիրներով և իրական ֆինանսական ծրագիր ներկայացներ կառավարություն, թե ինչպես կարելի է օգնել գյուղացիներին, ապա երկրի առջև ծառացած խնդիրները հնարավոր կլիներ լուծել շատ ավելի կարճ ժամանակում»:
«ГА»-ն նաև նկատում է, որ Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակությունը ավելի շատ նման է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բաժնի, որը կոչված է «գունավոր հեղափոխություններ» արտադրել. «Գյուղերով շրջելու և սոցիալական բունտի կոչեր անելու փոխարեն, քաղաքացիական ակտիվիստները շատ ավելի մեծ գործ արած կլինեին, եթե գյուղացիներին աջակցող ֆինանսական հիմնադրամ բացեին և այս ծրագրին հասարակական հնչեղություն հաղորդելով` հանգանակություններ հավաքեին»,-նշում է թերթը: