Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանական կայքերի կողմից նախագահական ընտրապայքարի շրջանակներում անցկացված սոցհարցումների համաձայն՝ առաջին եռյակում են գտնվում Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը (26,1%), ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին (17,2%) և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին (9,9%), իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է բարեփոխական գործիչ՝ ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը»: Մեկնաբանելով Իրանի նախագահական ընտրապայքարի ներկայիս իրավիճակը՝ Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի և գործող նախագահի թիմակից Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի՝ խաղից դուրս գալուց հետո, ինչպես և սպասվում էր, քարոզարշավը ընթանալու էր հանդարտ, առանց լարված մթնոլորտի: Բոլոր թեկնածուները օրենքով նախատեսված հարթակներն օգտագործում են քարոզչություն իրականացնելու համար, թեկնածուների մասնակցությամբ արդեն տեղի է ունեցել մեկ բանավեճ-քննարկում»,-անդրադառնալով ընտրապայքարի ներկայիս փուլին, նշեց իրանագետը:
Այն հարցին, թե ո՞ր թեկնածուների միջև է ընթանում հիմնական ընտրապայքարը, մեր զրուցակիցը նշեց, որ հիմնական պայքարն ընթանում է պահպանողական և բարեփոխական ուժերը ներկայացնող թեկնածուների միջև:
«Կողմերից յուրաքանչյուրը քննադատում է հակադիր ուժին՝ շեշտելով վերջինիս կառավարման տարիներին տնտեսության, միջուկային ծարգրի, արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում արձանագրված բացթողումները: Իհարկե, նույն բարեփոխական և պահպանողական թեկնածուներն էլ իրենց հերթին պայքարում են միմյանց դեմ՝ այդ կերպ փորձելով իրենց տեղն ամրապնդել հետագա ընտրապայքարում: Թեև հարկ է նշել, որ Իրանի միջուկային ծրագրի կամ արտաքին քաղաքականության վերաբերյալ նախագահի թեկնածուների մոտեցումներում էական տարբերություններ չեն նկատվում, հիմնական տարբերությունը շեշտադրումների մեջ են»,-նշեց Իսրայելյանը:
Այն հարցին, թե ո՞ր թեկնածուն հաղթելու ամենամեծ շանսերն ունի, իրանագետը, չբացառելով երկրորդ փուլի հավանականությունը, նշեց. «Դատելով Իրանի ներքաղաքական դաշտի ներկայիս դասավորությունից և թեկնածուների հնարավորություններից՝ կարծում եմ, որ դեռևս ինքնաբացարկներ չեն լինի, և մինչև որոշակի ժամանակահատված պայքարը կընթանա պահանողականներ Վելայաթի-Ջալիլի-Ղալիբաֆ և բարեփոխականներ Ռոհանի-Արեֆ թեկնածուների միջև, իսկ քարոզարշավի վերջին օրերին, հավանաբար, երբ հոգևոր առաջնորդը իր կողմնորոշումը ևս կհայտնի այս կամ այն թեկնածուի հանդեպ, այդ ժամանակ էլ հստակ պարզ կլինի, թե ով կընտրվի նախագահ, չնայած, չի բացառվում նաև երկրորդ փուլի տարբերակը, որտեղ ըստ իս կպայքարեն մեկական բարեփոխական և պահպանողական գործիչ»:
Անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո հնարավոր ցնցումներին՝ իրանագետը նշեց, որ քիչ հավանական է, որ հետընտրական խռովություններ տեղի ունենան, քանի որ ներկայիս թեկնածուների մեջ նախ չկա այն խիստ մրցակցությունը, բացի այդ, Սահմանադրության պահապանների խորհուրդը, Ռաֆսանջանիին և Մաշայիին զրկելով լիազորությունից, կարծես թե երկիրն ապահովագրվեց հետընտրական զարգացումներից: «Իրանի իշխանությունները տիրապետում են ներքին իրավիճակին և անվտանգության ուժերը խիստ միջոցառումներ են ձեռնարկում երկիրը արտաքին միջամտությունից զերծ պահելու համար: Օրերս ԻԻՀ ՆԳ փոխնախարարը հայտարարեց, որ ընտրությունների օրերին հնարավոր է, որ երկրի որոշ սահմաններ փակվեն, իսկ ավելի վաղ անվտանգության ուժերի կողմից երկու քաղաքացիներ մահապատժի ենթարկեցին, որոնք մեղադրվում էին ԿՀՎ-ի և Մոսսադի հետ համագործակցելու մեջ: Ահա այդ երկու փաստերը հստակ «մեսիջ» էին ուղղված այն ուժերին, որոնք փորձելուն են ընտրություններից հետո ապակայունացնել երկիրը»,-եզրափակեց Ա. Իսրայելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան