Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվել է և տեղափոխվել Նուբարաշեն մեկուսարան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի ու թիկնապահ` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը, փոխանցում են մեր աղբյուրները: Նրանք տեղափոխվել են Երևան «Նուբարաշեն» քրեակատարաողական հիմնարկ:
Նրանց երկուսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և 235-րդ հոդվածի 1-ին մասի «ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը» հատկանիշներով:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին գիշերը տեղի էր ունեցել վիճաբանություն, այնուհետև` կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային կրակոցներից մահացել էր, նրա եղբայրը` ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիճակում տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալ: Տուժել էր նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, որը նույնպես հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: